Մատչելիության հղումներ

logo-print

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան


Կադր «Գարեգին Նժդեհ» ֆիլմից

Կադր «Գարեգին Նժդեհ» ֆիլմից

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կիրակի օրը տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան։

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նկարահանած մոտ 3-ժամանոց այս հերոսապատումը, որը պատմում է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Գարեգին Նժդեհի կյանքի եւ գործունեության կարեւորագույն դրվագների մասին, նվիրված է նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 21-ամյակին։

Պրեմիերային ներկա էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։

Ֆիլմի գլխավոր ռեժիսորը եւ պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը։ Սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը։

«Ամենամեծ բարդությունը նյութի մեծ ծավալն էր եւ այդ նյութը ճիշտ կարողանալ խտացնել, տեղավորել, որպեսզի ամբողջական ֆիլմ ստացվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Քեշիշյանը, - «Ամենածանրը երեւի դա էր, մնացածը արել ենք մեծ սրտով, անկեղծ եւ առանց ջանք խնայելու»։

Ռեժիսորի խոսքով, ֆիլմի թողարկումը տեւել է 9 ամիս։

Նժդեհի դերը երիտասարդ տարիքում մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, իսկ հասուն տարիքում` Արտաշես Ալեքսանյանը: Երկուսն էլ ասում էին, որ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել մեր ազգային մեծագույն հերոսներից մեկի կերպարին։

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանումների համար մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել։

XS
SM
MD
LG