Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, շաբաթ օրը Իջեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր ծրագրի դրույթները, հայտարարեց, որ գալիք հինգ տարիների համար նախատեսած քայլերը ծրագրել են` հաշվի առնելով երկրի համաչափ զարգացման առաջնայնությունը:

«Այս հարցում թեեւ վերջին տարիներին եղել են առարկայական ձեռքբերումներ, սակայն արդյունքները դեռ հեռու են գոհացուցիչ լինելուց», - հայտարարեց գործող նախագահը:

Սերժ Սարգսյանը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի յոթ համայնքներում: Իջեւանում իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ վիճակը Տավուշի մարզում այնքան էլ իդեալական չէ:

«Պաշտպանության ոլորտի պատասխանատուներին կա հստակ հանձնարարական` խստորեն հակազդել մեր քաղաքացուն թիրախավորող ոսոխին», - ասաց թեկնածուն. - «Տավուշի մարզի համայնքների 40 տոկոսը սահմանային է, իսկ դրանցից հինգը գտնվում են ուղղակի կրակի տակ, հետեւաբար Տավուշի մարզի ազգաբնակչության անվտանգության բարձրացման խնդիրը աչալուրջ հսկողության տակ է»:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուշադրության կենտրոնում կլինեն բնակչության կենցաղային պայմանների բարելավումը, համայնքային ծառայությունների ընդլայնումը եւ ենթակառուցվածքների զարգացումը:

Թեկնածուն, անդրադառնալով սոցիալական խնդիրների լուծմանը, ասաց. - «Յուրաքանչյուր ընտանիք պետք է զգա պետության հոգածությունը, բայց ասածս չի նշանակում, որ աշխատելու հնարավորություններ ունեցող մարդը չպետք է աշխատի դիտավորությամբ, որպեսզի սոցիալական նպաստ ստանա: Մեր երկրում սոցիալական նպաստ պետք է ստանա միայն ու միայն այն քաղաքացին, ով ի վիճակի չէ աշխատելու», - ասաց նա:

Իր նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելիս` Սարգսյանն անդրադարձավ նաեւ առողջապահության ոլորտին, խոսեց սպորտի զարգացման, կրթական համակարգի մասին: Թեկնածուն հայտարարեց, որ կրթությունը անվճար է լինելու անապահով ընտանիքների համար, իսկ մյուսները կարող են օգտվել երկարաժամկետ վարկավորման հնարավորությունից:

«Ուրախ եմ ձեզ հաղորդելու, որ արդեն փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին եւ ստանալ կրթության համար վարկ առանց որեւէ գրավի՝ միայն ու միայն ծնողների համաձայնությամբ, երկարաժամկետ, այնպես, որպեսզի այդ վարկը մարվի ուսում ստանալուց հետո», - ասաց նա:

Հանրապետականի թեկնածուն համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են: Կարեւորը որակյալ, ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, ասաց նա:

«Ես չեմ ասում, թե ինձ համար նշանակություն չունի, թե ում համար են քվեարկելու: Իհարկե, ունի, հակառակ պարագայում ես չէի գա այստեղ եւ ձեզնից չէի խնդրի ձեր քվեն, բայց հավատացեք, որ մեր երկրի զարգացման տեսանկյունից ամենակարեւոր խնդիրն այն է, թե ինչպիսի ընտրություններ մենք կարող ենք անցկացնել», - ասաց նա:

Գործող նախագահը իր ելույթը եզրափակեց` կոչ անելով իջեւանցիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին:

«Մեզ տրված է հնարավորություն` անցկացնել լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ, ընտրություններ, որոնք վստահություն կներշնչեն ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ մեր գործընկերներին», - ամփոփեց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG