Մատչելիության հղումներ

Ամենաշատ նախընտրական շտաբեր ունի գործող նախագահը


Հայաստանի նախագահի թեկնածուներից ամենաշատ ընտրական շտաբեր ու ենթաշտաբեր ունի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը:

Բացի յուրաքանչյուր մարզկենտրոնում գործող մարզային շտաբերից ու ամեն մի գյուղի ընտրական շտաբերից, նա ունի ենթաշտաբեր, որոնք հիմնականում Հանրապետական կուսակցության տեղական գրասենյակներն են: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանն ունի մոտ 1600 շտաբ:

Գրեթե ամեն քայլափոխի Երեւանում կհանդիպես գործող նախագահի նախընտրական շտաբի: Դրանք հիմնականում փոքր տարածքներ են, որտեղ բացի շտաբի ղեկավարից, գրեթե միշտ ներկա են մի քանի հոգի, ովքեր, ինչպես հիմնականում իրենց կատարած գործի դիմաց չեն վարձատրվում:

Երեւանի կենտրոնական հատվածներից մեկում գործող շտաբերից մեկի ներկայացուցիչ, 65-ամյա անկուսակցական թոշակառու Ռոբերտ Նազարեթյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էր, որ առաջին անգամն է մասնակցում շտաբերի աշխատանքներին: Ծանոթներից մեկը խնդրեց, ինքն էլ որոշեց աջակցել Հանրապետական կուսակցությանը: Սարգսյանի համակիրն եմ, հպարտությամբ ասում է անկուսակցական թոշակառուն:

«Համակրում եմ նրա համար, որ երկրում լինի կայունություն, ինչ տեսել ենք, ինչ եղել է մինչեւ հիմա, այդ բոլորը շատ տհաճ տպավորություն է թողել: Մութ ու ցուրտ տարիներ չեմ ուզում, անկայություն չեմ ուզում, ես փոփոխությունների կողմնակից չեմ, ոնց որ կա, թող տենց էլ մնա, ավելի լավ է կամաց-կամաց զարգանա, քան թե թռիչքաձեւ, ինչպես ուրիշներն են առաջարկում», - ասում է Նազարեթյանը, ով իր պարտականությունների դիմաց չի վարձատրվում:

Իր պարտականությունները, ինչպես եւ բնորոշում է Նազարեթյանը, առայժմ քաղաքացիներից դիմումներ ստանալն է. - «Ստեղ նստած ենք, որպեսզի եթե տվյալ ընտրատարածքի բնակիչները ինչ-որ հարցեր, պրոբլեմներ ունեն, փորձենք, ընդառաջենք, այդ հարցերը կարգավորենք եւ այլն»:

Տարածքի բնակիչներից դիմումներ են ստանում նաեւ Ավանում գտնվող շտաբերից մեկում: Փոքր, դրսից անհրապույր թվացող շինությունում երկու կանայք թաղամասի բնակիչներից արդեն տասը դիմում են ստացել: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի խնդրանքներ են` դեղորայքի, բնակարանի գազաֆիկացման եւ այլ հարցերով: Կանայք հավաստիացրեցին, որ կուսակցությունը լուծում է դիմումներում տեղ գտած խնդիրները:

Քնարիկ Գեւորգյանին եւս իր կատարած պարտականությունների դիմաց աշխատավարձ չեն խոստացել: Գեւորգյանն ասում է, որ ինքը եւս հավատում է Հանրապետականին ու Սարգսյանին:

«Ասում են` լավ կլինի, մենք էլ էն հույսով ենք, որ մի բանի պակաս կլինի, երեւի իրենց կդիմենք, կօգնեն», - ասում է նա. - «Առաջին հերթին կուզենք աշխատատեղեր բացվեն, որ աշխատենք, ես 40 տարեկանից հետո գործազուրկ եմ մնացել, թոշակ չեմ ստանում: Ուզում ենք, որ լավ լինի, մեկ էլ էդ թանկությունները, օր օրի վրա թանկություն է»:

Ի տարբերություն գործող նախագահի, ում շտաբերն աչքի են զարնում թե Երեւանում, թե դրանից դուրս, նախագահի մնացած թեկնածուները չեն պատրաստվում մեծաքանակ շտաբեր բացել: Իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանը փետրվարից 1-ից ամեն մի մարզկենտրոններում մեկական շտաբ կբացի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հեգնեց, թե Սերժ Սարգսյանի շտաբերն էլ են իրենը ու կրկին վստահեցրեց, որ ինքն է հաղթելու:

«Իմ շտաբերից բացի ունեմ նաեւ 1800 շտաբ, գումարած «Բարգավաճ Հայաստան»-ի շտաբերը, գումարած Հայ ազգային կոնգրեսի շտաբերը… Չէ՞ որ իմ ծրագրերի հիմնական կետն այն է, որ երեք նախագահները միավորվելու են, եւ ես վստահ եմ, որ այդ 81 տոկոսը հավաքվելու է հենց իրենց ընտրողների ձայների շնորհիվ: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ կանի, որպեսզի իմ ասած այդ թիվը կարողանամ ապահովել», - ասաց Սեդրակյանը:

«Ազգային ինքորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նախընտրական քարոզարաշվի կենտրոնական գրասենյակի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանի փոխանցմամբ, Հայրիկյանի շտաբերը իրենց համակիրների բնակարաններն են, որոնց թիվը, սակայն, Այվազյանը դժվարացավ ասել:

Մյուս թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը կենտրոնական շտաբից զատ, ունի շարժական շտաբեր, որոնց միջոցով էլ նա իրականացնում է քարոզարշավը: Հրանտ Բագրատյանի շտաբերը 15-ն են: Մյուս թեկնածուները՝ Անդրեաս Ղուկասյանն ու Արման Մելիքյանը շտաբեր չունեն, իսկ Արամ Հարությունյանը Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր համար շտաբ են համարվում բոլոր հայ ընտանիքները:
XS
SM
MD
LG