Մատչելիության հղումներ

Եվս մեկ հայ կին հարձակման է ենթարկվել Թուրքիայում


Հունվարի սկզբին սպանված տարեց հայ կնոջ տունը

Հունվարի սկզբին սպանված տարեց հայ կնոջ տունը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել եւս մեկ հարձակում հայ կնոջ վրա, սակայն քանի որ կինը չի տուժել, նրա ընտանիքը հրաժարվում է դեպքի մասին ստույգ տեղեկություններ փոխանցել համապատասխան մարմիններին:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն, ով այսօր մասնակցել է վերջին շրջանում Ստամբուլում ազգությամբ հայ տարեց կանանց վրա հարձակումների վերաբերյալ տեղի ունեցած ժողովին: Ժողովը կազմակերպել էր Ստամբուլի մարդու իրավունքների միությունը:

Քանի դեռ թուրքական ոստիկանությունը հայ կանանց դեմ հարձակումների հետ կապված հետքերը չի գտնում, այդ հարձակումները շարունակվում են: Ընդ որում բոլոր հարձակումները տեղի են ունենում Ստամբուլի Սամաթիա թաղամասում եւ բոլոր միջադեպերն իրար նման են՝ սեւ հագնված եւ դիմակով տղամարդը հարձակվում է հայ, տարեց կնոջ վրա: Այս տարեսկզբին, հիշեցնենք, Ստամբուլի հայկական թաղամասում դաժանորեն սպանվել էր 85-ամյա Մարիցա Քյուչուքը: Տարեց կնոջը, ըստ թուրքական մամուլի, մահվանից առաջ ծեծել էին, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել, ապա` գլխատել:

Հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն այսօր խոստովանեց, որ այս միջադեպերն իսկապես անհանգստացնում են Թուրքիայի հայ համայնքին, սակայն հայազգի մտավորականությունն ու հոգեւոր այրերը չեն կիսում այն կարծիքը, որ դեպքերը ազգայնական հողի վրա են եւ խուսափում են այդ բռնությունները քաղաքականացնելուց: Մինչդեռ թուրքական իրավապաշտպան կազմակերպությունը հակառակն է պնդում:

Հայ կանանց վրա հարձակումներին թուրքական կառավարությունը որեւէ ձեւով չի արձագանքել: Միակ կառույցը Թուրքիայում, որն ուսումնասիրել է միջադեպերը եւ դատապարտել, Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղն է:

Այս կիրակի Սամաթիա թաղամասում այս բռնությունները դատապարտող բողոքի երթ կանցկացվի, սպասվում է, որ մեծ թվով հայեր կմասնակցեն այդ երթին:
XS
SM
MD
LG