Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խոստանում է որեւէ մեկին «կուլակաթափ չանել»


Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ հանդիպմանը Հանրապետության գործող նախագահ, փետրվարի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե չպաշտպանենք մանր եւ միջին բիզնեսը, մեծ գործարարները նրանց պարզապես կարող են խժռել։

Նախագահի թեկնածուն նշեց, որ մեծ կապիտալը ամենուրեք ձգտում է մենաշնորհ ստեղծել, դա է տնտեսության օրենքը եւ հենց դա կանխելու համար էլ գոյություն ունի պետությունը, հակառակ դեպքում կհաղթեն ջունգլիների, եւ ոչ թե քաղաքակրթության կանոնները։

«Բայց խնդրում եմ ասածս չշփոթել կուլակաթափության հետ։ Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին ճնշել, ունեզրկել եւ ունեցածը ուրիշներին բաժանել», - ընդգծեց Սերժ Սարգսյանը, - «Մենք պետք է հասկանանք՝ դրամը օրինական վարձատրություն է կատարված աշխատանքի եւ ձեռնարկված ռիսկի համար։ Եղած դրամով պետք է ստեղծվի ազգային կապիտալը։ Որքան էլ խեթ-խեթ նայենք խոշոր գործարարներին, մտածենք, որ անպայման նրանք մեզանից են գողացել այն, ինչ որ ունեն, այնուհանդերձ այդ խոշոր կապիտալով է ձեւավորվում նաեւ մեր ազգային կապիտալը եւ այն իր հերթին պետք է ներդրվի տնտեսության մեջ, ապահովելով, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծումը»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ իրեն դուր չի գալիս այն դրույթը, թե Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, քանի որ այն պաշտպանել են ոչ միայն արցախցիները, այլեւ Հայաստանն ու Սփյուռքը։

«Եվ դա նշանակում է, որ մեր կամքն էլ պետք է հաշվի առնեն։ Այսինքն, այնպես չէ, որ վաղը ղարաբաղցիները որոշեցին՝ մնում են Ադրբեջանի կազմում, մենք ձեռքներս ծալած պիտի նստենք։ Այսինքն, ես մի անհավանական բան եմ ասում, բայց ուզում եմ ուղղակի սրանով շեշտել, որ այո՛, մենք միասնական ենք, միակամ ենք եւ բոլորս պետք է մեր ջանքերը ուղղենք այդ խնդրի խաղաղ կարգավորմանը», - նշեց Հանրապետության ղեկավարը։

Առաջիկա ընտրությունների մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանը նշեց․ - «Գիտեք, որ մենք մշտապես կարեւորել ենք լավ, ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Դա չափազանց անհրաժեշտ է հզոր, զարգացած պետություն ունենալու համար։ Եթե քո քաղաքացին չի վստահում քեզ, չի հավատում ընտրությունների արդյունքներին, ապա դժվար թե այդ քաղաքացին կարողանա իրեն լիարժեքորեն դրսեւորել։ Կա երկրորդ խնդիրը՝ մենք աշխարհում մեկուսացված չենք ապրում։ Մենք ապրում ենք միջազգային հանրության ներսում, եւ շատ-շատ ցանկալի է, ուղղակի օդի պես անհրաժեշտ է, որպեսզի մեր գործընկերները եւս ունենան վստահություն այդ ընտրությունների արդյունքի վերաբերյալ, որպեսզի նրանք վստահ լինեն, որ գործ ունեն մարդու հետ, ով իրականում քվե է ստացել։ Ուստի խնդրում եմ բոլորիդ այնպես անել, որ որեւէ մեկը մեզ չկշտամբի․ ո՛չ մեր քաղաքացիները, ո՛չ էլ միջազգային դիտորդները։ Մանավանդ, որ մենք ունենք փայլուն հնարավորություններ։ Այս անգամ ասես սկուտեղի վրա մեզ մատուցում են, որպեսզի մենք կարողանանք անցկացնել լավագույն ընտրությունները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին»։

«Իսկ մեր շտաբների ներկայացուցիչներին, մեր ակտիվիստներին խնդրում եմ որեւէ ավելորդություն չանել՝ դրա կարիքը չկա։ Մենք պիտի կարողանանք անցկացնել ավելի լավ ընտրություններ, քան խորհրդարանական ընտրությունները», - եզրափակեց նախագահի թեկնածուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG