Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ամերիկյան համալսարանը այս տարի բակալավրի ծրագիր սկսելուց բացի թարմացրել է նաեւ մագիստրոսական ծրագրերի ցանկը. մինչ օրս առաջարկվող 7 ծրագրերին ավելանում 8-րդը՝ տնտեսագիտություն:

Ամերիկյան համալսարանը մագիստրոսական ծրագրեր առաջարկելիս հաշվի է առնում աշխատաշուկայի պահանջարկը, քանի որ, ըստ բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանի, իրենց շրջանավարտների 90 տոկոսից ավելին աշխատանք է գտնում եւ նրանց մեծ մասը չի հեռանում Հայաստանից:

Հարցին, թե ինչո՞ւ են կարծում, որ շուկան ունի տնտեսագետների կարիք, երբ տնտեսագետներ պատրաստվում են Հայաստանի բազմաթիվ բուհերում եւ կա մասնագիտացված Տնտեսագիտական համալսարան, փոխնախագահը պատասխանեց. - «Ստվեր ոչ մի բուհի վրա նետել չեմ ցանկանում: Այսօր մեր բանկերում աշխատող տնտեսագետները` թե՛ Երեւանի պետական համալսարանի, թե՛ Տնտեսագիտականի շրջանավարտներ են: Մենք չենք ցանկանում մրցակցել այլ բուհերի հետ, այլ փորձում ենք լրացնել բացը»:

Աշոտ Ղազարյանը ոլորտում բացը համարում է առաջին հերթին անգլերենին լավ տիրապետող մասնագետների պահանջարկը, ինչը իրենք լրացնելու են:

«Մեզ մոտ, կարծեք, պակաս կա միջազգային գործընթացներին ծանոթ, միջազգային կրթական մեթոդներով կրթություն ստացած մասնագետների», - ասում է փոխնախագահը եւ հավելում, որ տնտեսագետներ պատրաստելու ազդակ Ամերիկյան համալսարանը ստացել է գործատուներից` ֆինանսների նախարարությունից, Հայաստանի կենտրոնական բանկից եւ այլն:

Հայաստանի Կենտրոնական բանկն աջակցելու է բուհին. ուսանողներին վերլուծական աշխատանք կատարելու համար տրամադրելու է անկախության տարիներից սկսած կուտակած տվյալների շտեմարանները, դասընթացների մի մասն անցկացվելու են Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

«Այսօր մեր երկրում տնտեսագիտական զգալի պոտենցիալ կա, բայց երեւի շատ քիչ հրապարակումներ ենք տեսնում մեր երկրից դուրս եկող peer reviewed [գրախոսվող] ամսագրերում, դա մի վատ ցուցանիշ է, որ կարծում եմ, այս նոր ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի բարելավել», - ասում է Ամերիկյան համալսարանի մյուս փոխնախագահ Գեւորգ Գոյունյանը:

Ամերիկյան համալսարանի նոր ծրագրի տեւողությունը 15 ամիս կլինի, դիմումները կընդունվեն մինչեւ ապրիլի վերջ: Ուսման վարձը ՀՀ քաղաքացիների համար 1 միլիոն 200 հազար դրամ է, ինչը Հայաստանի այլ բուհերի հետ համեմատելիս բարձր վարձավճար է, թեեւ բուհի ղեկավարները հավաստիացնում են, որ ունեն կրթաթոշակային ճկուն համակարգ:

Ամերիկյանի փոխնախագահները նաեւ հայտնում են, որ սահմանել են ընդունելության բարձր շեմ: Ծրագրին կարող է դիմել բակալավրի աստիճան ունեցող ցանկացած մասնագետ, եթե կարողանա հաղթահարել քննությունների շեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG