Մատչելիության հղումներ

logo-print

Մեղրաձորցիները դեմ են ցիանային եղանակով ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցմանը


Այսօր Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչները բողոքի ցույց էին անում նախագահի նստավայի դիմաց՝ պահանջելով չթույլատրել ցիանային եղանակով ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցումը իրենց գյուղում:

Ֆաբրիկան ցանկանում է կառուցել «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը, որը նախատեսում է ոսկու վերամշակում իրականացնել հենց տեղում՝ Մեղրաձորում, ցիանային եղանակով: Հանքն արդեն մեկ տարի է շահագործվում է բաց եղանակով: Բնակիչները պնդում են, որ դա անմիջական ազդեցություն է ունենալու գյուղի շրջակա միջավայրի վրա՝ աղտոտվելու է օդը, Մարմարիկ գետի ջուրը, ոռոգման ջրերը եւ այլն:

«Գործարանի կառուցման նախագծում ընդհանրապես թաքցված է հանքանյութում շատ թունավոր նյութերի պարունակման փաստը. այնտեղ կա կապար, սնդիկ, մկնդեղ, եւ այդ պարունակությունը շատ ավելի մեծ է, քան ոսկու պարունակությունը: Այդ ամբողջ պարունակությունը թողնում են առողջարանային գոտում, որտեղ մտնում է նաեւ Ծաղկաձորը, Հանքավանը եւ մի քանի այլ գյուղեր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Այսօր ցույցի ժամանակ բնակիչները նշում էին, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել նախագիծը կազմելու ժամանակ: Առանց այն էլ վնաս է հասցվում գյուղին այժմյան բաց հանքի շահագործման ժամանակ, իսկ նոր գործարանի դեպքում, որի կառուցման համար տեխնիկան, գյուղացիների խոսքով, արդեն գյուղում է, Մեղրաձորը կհայտնվի փոշու մեջ:

Գյուղացիները նաեւ պնդում են, որ «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը ճնշումներ է գործադրում այն մարդկանց վրա, ովքեր գործարանում են աշխատում:

«Հիմա գյուղում մեծ ճնշվածության մթնոլորտ կա: Ճնշում են գործադրում հիմնականում գործարանի աշխատակիցների վրա, նրանց ասում են, թե գնա ընտանիքիդ ստորագրությունը բեր, որ համաձայն եք գործարանի կառուցմանը: Էդ մարդը ի՞նչ անի, պիտի բերի», - ասաց բնակիչներից մեկը:

Նատրիումի ցիանիդը, որը պետք է օգտագործվի արտադրության մեջ, մտնում է ամենավտանգավոր նյութերի ցանկի մեջ: Մեղրաձորցիների նամակում նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն օգտագործվել է մարդկանց զանգվածային թունավորման համար:

Այսօր 600 գյուղացիների ստորագրություններով նամակը փոխանցվեց նախագահի ընդունելությունների եւ դիմումների բաժին, որտեղ խոստացան լրացուցիչ քննարկումներ կազմակերպել:

«Քննարկվելու է միայն բաց հանքի շահագործման խնդիրները, գործարան կառուցել-չկառուցելու հարցը չի քննարկվելու: Մենք միանշանակ դեմ ենք դրան», - հայտարարեցին մեղրաձորցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG