Մատչելիության հղումներ

Վահագն Չախալյանը ազատության մեջ է


Վահագն Չախալյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի

Վահագն Չախալյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի

«Իմ պայքարը եղել է հանուն արդարության», - հայտարարել է ջավախահայ գործիչը։

Հինգշաբթի օրը կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը, հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանը։

Հաղորդագրության համաձայն` Չախալյանը վերստին ազատության մեջ է Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ եւ 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն:

Հարազատների եւ ընկերների ուղեկցությամբ, ովքեր գտնվում էին Ռուսթավի քաղաքի թիվ 1 կալանավայրի բակում, Վահագն Չախալյանը ուղեւորվել է Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրան դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգեւոր դասի եւ պաշտոնեության, վիրահայ համանքի եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ: Ջավախահայ գործչին ջերմորեն դիմավորել են ընդամենը 10 օր առաջ կալանավայրից ազատված հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շեկոյանը:

Վազգեն եպիսկոպոսը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեւոր դասի հետ միասին աղոթք է բարձրացրել եւ օրհնել ազատություն վերադարձած Վահագն Չախալյանին: Թեմակալ առաջնորդը բարձր է գնահատել Վրաստանի նոր իշխանությունների արդար եւ մարդասիրական դրսեւորումները: «Նա շնորհավորեց եւ իր հոգեւոր խոսքով բարեմաղթեց երիտասարդին, ով ինչ-որ մարդկանց քմահաճույքով եւ կեղծ մեղադրանքներով չորսուկես տարի կորցրեց ազատությունը, կտրվեց հարազատներից ու ընտանիքից, գտնվելով կալանավայրում», - ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսով Չախալյանին իր հայրապետական օրհնությունն է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Չախալյանը երախտագիտության խոսքեր է ուղղել Վեհափառին, Վիրահայոց թեմի առաջնորդին, հոգեւոր դասին եւ բոլորին, ովքեր մշտապես այցելել են նրան կալանավայրում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են եւ հուսադրել: Նա նաեւ իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին, Մայր Հայրենիքին եւ միջազգային հանրությանը: «Իմ պայքարը եղել է հանուն արդարության, մեր պարտքն է մնալ մեր Եկեղեցուն հավատարիմ, մեր լեզվին եւ մեր ժողովրդին նվիրված եւ այդ գաղափարները փոխանցել մեր սերունդներին», - ասել է նա:

Այնուհետեւ Վահագն Չախալյանն ուղեւորվել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ նրան հյուրընկալել է դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ջավախահայ գործիչը 2009 թվականին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` «զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության եւ խուլիգանության» մեղադրանքներով։ Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդության, հայտնել էր, որ Չախալյանի ազատ արձակման հարցը քննարկման փուլում է։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG