Մատչելիության հղումներ

logo-print

Հունվարի 25-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել Ազգային ժողովի նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողը հարցնում է. - «Դուք բացառո՞ւմ, թե՞ հնարավոր եք համարում, որ այս ընտրություններից հետո, այդուամենայնիվ, կրկին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվի»: Աբրահամյանը պատասխանում է. - «Ոչ մի բան մի բացառեք: Ես չեմ բացառում: Քաղաքականության մեջ երբեք իմ ասեք` երբեք: Ամեն ինչ հնարավոր է, բայց կոնկրետ հարց չի քննարկվել, չկա նման պայմանավորվածություն»: Հարց. - «Ավելի շատ խոսվում է ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին»: Պատասխան. - «Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց ենք քննարկել նման հարց»: Հարց. - «Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները շատ հաճախ են ձեր շտաբ այցելում: Օրինակ, երեկ Վարդան Վարդանյանն է այստեղ եղել, անցյալ շաբաթ` Հարություն Քուշքյանը: Սա նշանակո՞ւմ է, որ նրանք էլ են սատարելու Սարգսյանին»: Պատասխան. - «Ես չեմ տեսել: Ոչ Հարություն Քուշքյանին եմ տեսել, ոչ էլ Վարդան Վարդանյանին: Չգիտեմ` ում մոտ են եկել, բայց չեմ տեսել»:

«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - « Հիմնականում ամեն ինչ կանխատեսելի է այս քարոզարշավում։ Ինչպես, օրինակ, այն, որ ԲՀԿ պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից հայտարարում են գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Օրերս նույնիսկ հարցրի նրանցից մեկին. «Ասա, այդ ո՞նց է ստացվում, որ դեռ մի քանի ամիս առաջ մի բան էիր ասում, իսկ այժմ նույնքան համոզված ասում ես ճիշտ հակառակը»: ԲՀԿ ներկայացուցիչը անկեղծ հայացքով նայեց ուղիղ աչքերիս ու սրտաբուխ արտաբերեց. «Գիտես, նախկինում ինքս էլ չէի իմանում, թե որքա՜ն ճկուն կարող է լինել մարդը»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Այնպես է ստացվել, որ Աստված բարեհաճ է գտնվել մեր նկատմամբ, եւ ստեղծվել է մի այնպիսի իրադրություն, երբ մենք ունենք բոլոր հնարավորությունները լավագույն ընտրություններն անցկացնելու», - երեկ եղեգնաձորցիներին հայտարարել է նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը։ Հայտնի է, սակայն, որ իր նախագահության հինգ տարիներին Սերժ Սարգսյանը հնարավոր ու անհնար միջոցներով հետեւողականորեն ամայացրեց քաղաքական դաշտը` իր մրցակիցներին դուրս մղելով դաշտից եւ դրա համար կիրառելով իր հիմնական ռեսուրսը։ Այնպես որ, անհասկանալի է, թե ինչպես կարող են փաստացի անմրցակից ընտրությունները համարվել «լավագույն»:

Հանրապետական ինստիտուտի տնօրեն, վրաց քաղաքագետ Իվլիան Խաինդրավան «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հայ-վրացական հարաբերությունների մակարդակը կարո՞ղ է տարբերվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխանավարման ընթացքում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանավարման ժամանակահատվածից, նկատում է. - «Անկասկած: Սաակաշվիլին եղել եւ մնում է ինքնագովազդի գրոսմայստեր եւ կարողանում էր հաջողությամբ հռետորաբանությունը ներկայացնել որպես գործողություն: Մինչդեռ երբեմն հռետորաբանության եւ իրողությունների միջեւ նույնիսկ լիակատար հակադրություն կար: Թեեւ պետք է խոստովանել, որ Հայաստանի հետ նա վարում էր, պահպանում էր հարթ, բարիդրացիական հարաբերություններ, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Ինվանիշվիլին անհատ է, որը նպատակաուղղված է գործի վրա, բայց պետք է չէ նրանից անմիջապես ակնկալել «երկնքից թափվող մանանա» եւ պետք չէ նրա «կոկորդից բռնել» պահանջելով իրավիճակի վայրկենական շտկում, որը տարիներով բարձիթողի վիճակում է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG