Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները «սիրում են իրենց նախագահին»


Շվեյցարիա - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսի տնտեսական համաժողովում մի քննարկման ժամանակ, 23-ը հունվարի, 2013թ.
Շվեյցարիա - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսի տնտեսական համաժողովում մի քննարկման ժամանակ, 23-ը հունվարի, 2013թ.
Ադրբեջանի իշխանությունները լայնածավալ արշավ են սկսել համացանցում՝ իրենց վարկը բարձրացնելու համար, որին, կարծես, կցվել են մի շարք պաշտոնական կառույցներ, այդ թվում կրթության նախարարությունը՝ հազարավոր ուսանողների հետ: Համենայնդեպս, այդ են հավաստում միջազգային կազմակերպություններից մեկի ու «Ազատություն» ռադիոկայանի ստացած բազմահազար նամակները, որոնք ուղարկվում են տարբեր հասցեներից, սակայն բառ առ բառ կրկնում են միմյանց եւ փառաբանում նախագահ Իլհամ Ալիեւին:

Նամակագրական այսօրինակ գրոհի զոհ է դարձել, մասնավորապես, Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման ծրագիրը, որն այս տարվա սկզբին Իլհամ Ալիեւին ճանաչեց տարվա մարդ՝ կոռումպացվածության առումով: Կազմակերպության ներկայացուցիչ, հետաքննող լրագրող Դրյու Սուլիվանը պատմում է, որ միայն ինքն այդ զեկույցի հրապարակումից հետո 4 հազարից ավելի նամակ է ստացել, մեծ մասը՝ միեւնույն բովանդակությամբ ու ոճով:

Նույն վիճակում է հայտնվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանը, որը տարեսկզբին ծավալուն հոդված էր հրապարակել այս զեկույցի մասին: Ռադիոկայանին նույնպես հազարավոր նամակներ են ուղարկվել տարբեր հասցեներից, ընդ որում, դրանց հեղինակները որեւէ կերպ չեն անդրադառնում նախագահ Ալիեւին ներկայացված մեղադրանքների բնույթին, փոխարենը պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիները սիրում են իրենց նախագահին եւ մեծապես տպավորված են այն առաջընթացով, որ արձանագրել է երկիրը նրա իշխանավարության տարիներին:

Ընդ որում, քարոզչական այս արշավի մասին նոր տեղեկություններ բացահատվեցին անցած շաբաթ, երբ ադրբեջանցի բլոգերներից մեկը՝ Հեբիբ Մունթեզիրը հրապարակեց Ադրբեջանի կրթության նախարարի՝ ուսանողներին ուղղված կարգադրությունը: Նախարարից ստացված այս փաստաթուղթը, ըստ էության, ուղեցույց է՝ անգլերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն կազմված պատրաստի տեքստերի հավաքածու, որոնք ուղղակի պետք է արտատպել եւ ուղարկել համապատասխան հասցեներով։ Այդ հասցեները եւս, ի դեպ, ներառված են նախարարական փաստաթղթում: Ներկայացված տեքստի անգլերեն տարբերակներից մեկում, օրինակ, կարդում ենք. - «Մենք շատ ենք մտահոգվել մեր նախագահի մասին հրապարակված զեկույցի կապակցությամբ, քանի որ բոլորս էլ երջանիկ ենք զարգացման եւ բարգավաճման այն քայլերով, որ կատարվում են այսօր Ադրբեջանում»։

Չնայած բազմահազարանոց այս նամակներին՝ կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունը պնդում է, որ չի ընկրկի եւ կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գազով եւ նավթով հարուստ այս երկիրը, որը շարունակական քննադատությունների է արժանանում իրավապաշտպանների եւ արեւմտյան կառույցների կողմից:

«Մենք մեր գործունեության ընթացքում շատ ավելի բացասական արձագանքներ ենք ստացել, իհարկե, շատ կուզենայինք լսել Ադրբեջանի ժողովրդից` արդյոք ճի՞շտ են այդ նամակներում գրված պնդումները, սակայն, հաշվի առնելով դրանց բնույթը, կարծում ենք, որ դրանք չեն գրվել իրական մարդկանց կողմից եւ ամենեւին էլ չեն արտացոլում նրանց իրական մտահոգությունները։ Մեզ ավելի շատ թվում է, թե սրանով փորձում են մեզ վախեցնել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվի», - ասում է միջազգային կամակերպության ներկայացուցիչ Դրյու Սուլիվանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG