Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն արդեն ահազանգեր է ստանում պետական հաստատություններում աշխատակիցների ազատ ընտրության իրավունքը խոչընդոտելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հովհաննիսյանը` գործող նախագահ Սերժ Սարգսյանին կոչ անելով ազատ եւ արդար ընտրությունների իր խոստումները գործի վերածել:

«Արդեն ահազանգեր կան, որ քաղաքապետարաններում կանչում են ուսուցիչներին, տնօրեններին, հրամանատարները` իրենց զինվորներին, եւ եթե ոչ ուղիղ ձայնագրման ենթակա հրահանգներով, ապա ակնարկով իջեցնում են այդ հրահանգը», - ասաց թեկնածուն:

Արձագանքելով անցած շաբաթավերջին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների հնչեցրած գնահատականներին, ընտրական գործընթացի վերաբերյալ հանրության անտարբերության, ընտրացուցակների չվերացող «էական անճշտությունների» վերաբերյալ նրանց մտահոգություններին, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքն էլ միջազգային դիտորդների հետ հանդիպումներում կոչ է արել համարժեք գնահատել Հայաստանի ընտրությունները, Հայաստանը չդիտարկել որպես «երկրորդ կարգի երկիր»:

«Ընտրացուցակներն ուռճացված են, չարաշահման, կեղծման նախահիմքը կա, եւ մենք մանրակրկիտ պետք է հետեւենք այդ հարցին: Միջազգային դիտորդները իրենց նախնական տպավորությունը հայտնել են, ես էլ հանդիպել եմ եւ իրենց ասել մի բան` «եթե պիտի գնահատեք, մտածեք. այս վիճակը որ կա` քաղաքացիների ահաբեկումներ, կուսակցական տարբերանշաններ պետական շենքերի վրա, այն որ գործող նախագահը պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է, ձեր երկրում եթե սա լիներ, դուք սա կհամարեի՞ք դե յուրե իրական սահմանադրական ընտրություն, թե՞` ոչ: Մենք «երկրորդ սորտի» երկիր չենք, մենք առաջին կարգի երկիր ենք եւ այդ առաջին կարգի երկիրը պիտի ունենա ամենաբարձր կարգի ընտրություն», - ասաց Հովհաննիսյանը:

Թեկնածուն հույս ունի, որ արդար ընտրությունների դեպքում Սերժ Սարգսյանը չի կարող իրեն առաջին փուլում հաղթել, նվազագույնը, որ կարող է լինել, դա երկրորդ փուլն է:

Հովհաննիսյանի յուրահատուկ քարոզարշավը

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը յուրահատուկ է նրանով, որ նա ժամերով շրջում է քաղաքի փողոցներով, ողջունում հանդիպած անցորդներին եւ կոչ անում անպայման մասնակցել ընտրություններին, անկախ նրանից` ում կընտրեն: Երեկ մտել էր պատահական վարսավիրանոց, կտրել մազերը, առաջացրել լրատվամիջոցների, համացանցի օգտատերերի զարմանքը, լայն քննարկումների առիթ տվել: Իր հասցեին քննադատություններն ու իր պատկերով կոլաժները «Ժառանգության» առաջնորդին չեն մտահոգում, հակառակը` ուրախացնում են:

«Շատ մեղմ են քննադատում, չունեցած մազի դիմաց մազ են վերագրել, դա իրենց իրավունքն է, կարելի է մի փոքր ցեխ շպրտել, մի փոքր չար լինել, դա ինձ ուժեղացնում է», - ասաց նա:

Այսօրվա քարոզարշավը Հովհաննիսյանը անցկացրեց Երեւանի կենտրոնում. Մտավ Երվանդ Քոչարի թանգարան, այնուհետեւ շարժվեց դեպի Մատենադարան, որի դիմաց պատահաբար հանդիպեց ռուսաստանաբնակ հայազգի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին եւ մշակույթի նախարարության պատվիրակությանը` նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Մինչ վերջիններս չէին կողմնորոշվում, թե ինչ է կատարվում, նրանց տրվեցին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական բուկլետներից: Հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվեց դեպի բուհեր` բուհական գրադարաններին հանձնելու իր որդու` Կարին Հովհաննիսյանի հեղինակած գիրքը:

Թեկնածուն ճանապարհին ողջունում էր հանդիպած գրեթե բոլոր անցորդներին, մայթերի տաղավարների աշխատակիցներին, փողոցով անցնող մեքենաներին, այսպես հասավ մինչեւ Վերնիսաժի տարածք: Հարցուփորձ արեց առեւտրից, ոմանք դժգոհեցին, թե «տեղի փող չեն կարողանում հանել, մուրացկանի պես են ապրում», ոմանք էլ թեկնածուի հետ գինի խմեցին:

Հովհաննիսյանը այսօր նաեւ Շախմատի տուն մտավ, շախմատ խաղացող տարեցներին ողջունեց: Թեկնածուն դեմ է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

«Նախագահը, վարչապետը, նախարարը, Ազգային ժողովի նախագահը ուղղակի պետք է իրենց թույլ չտան լինել կրթօջախի, գիտական ակադեմիայի, սպորտի կամ այլ բնագավառի ղեկավար կամ հոգաբարձուների խորհրդի նախագահ», - ասաց նա:

«Եթե ընտրվեք, Սերժ Սարգսյանին կհեռացնե՞ք Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից» «Ազատություն» ռադիոկայանի հարցին նա հակադարձեց. - «Ես առաջին հերթին ինձ կհեռացնեմ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահությունից»:

Իսկ հարցին, թե նման քարոզարշավ անցկացնելու մարտավարությունը որքանո՞վ է իր համար խոստումնալից, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Սա մարտավարություն չէ, սա իմ բնական վիճակն է: Ես ուրիշ ձեւ չգիտեմ, ես փող, հրահանգ, կաշառք, վախ չգիտեմ: Ձեր ասած տակտիկան իմ բնական կյանքն է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG