Մատչելիության հղումներ

Էպոսագետն ու հացադուլ անող թեկնածուն ինքնաբացարկ չեն հայտնի


Թեեւ նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չի արձագանքել «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի` ինքնաբացարկ հայտնելու կոչին` գործող նախագահին քվեաթերթիկում միայնակ թողնելու նպատակով, նա հաստատակամ է իր որոշման մեջ:

Հարությունյանը իրեն չմիացող մյուս վեց թեկնածուների մասին ասում է` ավելի վատ իրենց համար, որովհետեւ «ընդունում են, որ դառնում են դեկորատիվ ընտրությունների մասնակից»:

Արամ Հարությունյանը, ինչպես արդեն հայտարարել է, ինքնաբացարկի համար սահմանված վերջին օրը` փետրվարի 8-ին դուրս կգա ընտրապայքարից, իսկ դրանից մեկ օր առաջ մեկօրյա հացադուլ կսկսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ` կրկին հորդորելով նախագահի թեկնածուներին միանալ իր նախաձեռնությանը:

«Հացադուլը ավելի երկրորդական հարց է, ես ընդամենը ուզել եմ ավելի նշել, որ 24 ժամ ժամանակ է տրված ճշտելու, թե ով իրեն ինչպես է պահում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թեկնածուն:

Էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանը որեւէ պայմանով չի հրաժարվի նախագահ դառնալու մտքից. միայն մահը ինձ հետ կպահի ընտրապայքարից, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սեդրակյանը` Արամ Հարությունյանի կոչը որակելով որպես հոգեբանական ճնշում գործադրելու փորձ:

«Ես հունիսին եմ առաջադրել իմ թեկնածությունը, ունեմ իմ ծրագիրը, եւ այն ժամանակ բոլորը ուրիշ թեկնածուներ էին պատկերացնում քարոզարշավի ժամանակ: Ես եկել եմ կոնկրետ իմ ծրագիրը իրականացնելու համար եւ որեւէ թեկնածու չի կարող ինձ ոչ հոգեբանորեն, ոչ ֆիզիկապես, ոչ էլ այլ ճանապարհներով ստիպել, որ ես հանեմ իմ թեկնածությունը», - ասաց նա:

Ավելին` Սեդրակյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանն անելու է ամեն ինչ, որպեսզի ընտրությունները ունենան երկրորդ փուլ, որում նախագահի թեկնածուի համոզմամբ, ինքը վստահ առավելության կհասնի Հանրապետականի առաջնորդի նկատմամբ:

«Երեք թեկնածուները, որ պատահաբար դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 31-ը «ծնվեցին», նրանք բոլորը մտցվել են Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ ապահովվի` Հրանտ Բագրատյանը` կոնյակի շշերով, Րաֆֆի Հովհաննիսյանը իր միկրոավտոբուսներով եւ Պարույր Հայրիկյանը` իր 90 թվականի գաղափարախոսությամբ: Շատ արհեստական կլիներ, որ գործող նախագահը ընտրությունների առաջին փուլում պարտվեր ինչպես ինքը ասաց` անորոշությունից եկած թեկնածուին», - վստահ հայտարարեց էպոսագետը:

Փետրվարի 18-ին քվեաթերթիկի վրա կլինի Անդրիաս Ղուկասյանի անունը, ով եւս ինքնաբացարկը բացառում է: Ղուկասյանի ռազմավարությունն է ենթադրում մնալ ընտրապայքարում, ինչը, սակայն, չի նշանակում, որ նա ակնկալում է ընտրողների ձայները:

«Մարդիկ պիտի ունենան ազատ քվեարկելու իրավունք, եւ դրա համար իմ հացադուլը տանելու եմ մինչեւ վերջ, չեմ կասեցնի: Չեմ հետապնդում շինծու ընտրություններում որեւէ արդյունք ստանալու նպատակ, բայց համարում եմ, որ իմ մասնակցությունը մինչեւ վերջ տրամաբանությունով է թելադրված` եթե չհասնել նրան, որ իշխող կուսակցության մասնակցությունը մերժվի, ապա հասնել նրան, որ ընտրությունները ճանաչվեն շինծու», - ասաց նա:

Հացադուլի չորրորդ օրը Անդրիաս Ղուկասյանը բացօթյա ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը, որպեսզի հերքի տեսակետը, թե չունի ասելիք եւ ծրագիր, դրա համար էլ պայքարի այս միջոցն է ընտրել: Թեկնածուի ծրագրի առանցքում նախագահի քայլերն են` վերականգնել հանրության վստահությունը պետականության նկատմամբ ու հաղթահարել պառակտումը: Առաջնային է համարում անօրինական ճանապարհով կուտակված սեփականության վերադարձը պետությանը:

«Երբ ասում են` Հայաստանն ունի այսքան կամ այնքան տնտեսական աճ, դա մարդկանց սովորաբար որեւէ բան չի ասում, որովհետեւ հանրությունը, որտեղ 10 հոգուց 5-ը աղքատ է, մյուս 5 հոգու բարեկեցության ավելացումը աղքատների համար որեւէ էական ցուցանիշ չէ», - ասում է Ղուկասյանը:

Այսօր առավոտյան բժիշկները զննել են Ղուկասյանին, առողջական վիճակը գնահատել նորմալ, նա էլ գանգատներ չունի: Նախագահի թեկնածուներից չորսը այցելել են Ղուկասյանին ու կոչ արել դադարեցնել հացադուլը: Նա այսօր վստահեցրեց, որ պայքարից չի հրաժարվի, եթե անգամ Սերժ Սարգսյանը այցելի իրեն այդ հորդորով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG