Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային գրադարանի մասնաշենքի վերանորոգումն անորակ է կատարվել


Ամերիկյան համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով վերակառուցել է իր նախկին գրադարանը՝ այն վերածելով նոր ու ժամանակակից ընթերցասրահի:

Մանկավարժական համալսարանը կառուցել է երկու նոր ընթերցասրահ, 3-ը հիմա է կառուցում: «Մենք ընթերցասրահներ չունեինք, եւ սպասարկումը միայն տուն տրվող գրքով էր: Հիմա այստեղ առավոտվա 9-ից մինչեւ երեկոյան 8-ը ուսանողներն աշխատում են», - հայտնում է գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Ամերիկյան համալսարանի ընթերցասրահից բացի, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, բուհերի ընթերցասրահները սովորաբար նախատեսված են միայն այդ բուհի ուսանողների համար: Մյուս ընթերցողները, ենթադրվում է, պետք է օգտվեն Ազգային գրադարանից, որտեղ պահվում է մոտ 6 միլիոն գիրք ու ամսագիր:

14 հարկանի շենք ունեցող գրադարանը ընթերցողներին կարող է այնքան էլ հարմար չթվալ մի քանի պատճառներով. շենքը չունի մշտական ջուր (զուգարանների դռներին փակցված է ջրի գրաֆիկ), չունի ջեռուցման, օդափոխման եւ անվտանգության համակարգեր:

Տարվա այս եղանակին գրադարանի միջանցքները ցուրտ են, էլեկտրական վառարաններով տաքացվում են միայն ընթերցասրահները: Չեն ջեռուցվում նաեւ պահոցները, որտեղ չի ապահովվում գիրքը պահպանելու համար անհրաժեշտ նվազագույն 18 աստիճանը:

Պահոցներում չկան նաեւ անվտանգության համակարգեր: «Շատ կարեւոր է, որ գրապահոցային ֆոնդերը ունենան անվտանգության համակարգեր», - բազմաթիվ խնդիրներից այս մեկն առավել կարեւորելով՝ հայտնում է գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Դազարյանը:

Հանրային գրադարանն ունի 4 մասնաշենք, որից 2-ը հիմնականում գրապահոցային են, 2-ը շահագործվում են ընթերցողների ու աշխատողների կողմից: 4 մասնաշենքերն էլ ունեն նորոգման կարիք, բայց վերանորոգման համար ֆինանսական միջոցներ պետությունը Ազգային գրադարանին տրամադրել է միայն ամենահին՝ «Թամանյանական» մասնաշենքի նորոգման համար: Գրադարանին հատկացվել էր շուրջ 700 միլիոն դրամ, վերանորոգումը սկսվել է 2008-ին ու մինչ օրս չի ավարտվել:

2012-ին, հիշեցնենք, այս մասնաշենքի նորոգման ընթացքում կատարված յուրացումների առիթով քրեական գործ է հարուցվել:

Այժմ գրադարանի փոխտնօրենը թերահավատ է, թե այս տարի շենքը կշահագործվի, քանի որ այնտեղ նորոգումը շատ անորակ է կատարվել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG