Մատչելիության հղումներ

Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմամբ այսօր նախագահ եւ իշխող կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ավարտեց երկօրյա քարոզարշավը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:

«Խրախուսելու ենք գյուղատնտեսական կոոպերացիան, ամեն կերպ խթանելու ենք բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի` խաղողագործության եւ պտղաբուծության զարգացումը», - Մշակույթի կենտրոնին հարող հրապարակում հավաքված եղեգնաձորցիներին խոստացավ Սերժ Սարգսյանը` նաեւ թվարկելով իր նախընտրական ծրագրի` գյուղին ու գյուղատնտեսությանը վերաբերող որոշ դրույթներ:

Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, հստակորեն արտահայտել իրենց համակրանքն ու դիրքորոշումները. - «Ընտրությունը ձերն է, ուրեմն եւ պատասխանատվությունը Հայաստանի ապագայի համար առաջին հերթին ձերն է: Որովհետեւ ազատություն նշանակում է պատասխանատվություն սեփական քայլերի համար»:

Սերժ Սարգսյանը կրկին շեշտեց գալիք ընտրություններն ազատ, արդար, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան անցկացնելու հրամայական անհրաժեշտությունը. - «Այնպես է ստացվել, որ Աստված բարեհաճ է գտնվել մեր նկատմամբ, եւ ստեղծվել է մի այնպիսի իրադրություն, երբ մենք ունենք բոլոր հնարավորությունները լավագույն ընտրություններն անցկացնելու [համար]: Առանց լավ ընտրությունների, առանց ազատ, արդար ընտրությունների, հավատացեք, անհնար է Հայաստանի ապագա զարգացումը»:

«Գիտեք, որ Հայաստանում մարդիկ բավականաչափ ազատ արտահայտվում են, գիտեք, որ քաղաքական կյանքում Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ մարդիկ իրենց տեսակետները հնարավորություն ունեն մշտապես հրապարակավ արտահայտելու` լինեն դրանք մեզ համար հաճելի թե տհաճ: Եվ այս ազատություն պայմաններում, իհարկե, մեր քաղաքացիները եւ քաղաքական ուժերը մշտապես փորձում են, եւ դա մեզ համար օգտակար է, գտնել թերություններ մեր գործունեության բոլոր ոլորտներում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` մասնավորեցնելով, թե փորձ է արվում թերություններ գտնել հենց ընտրությունների անցկացման գործընթացում` «մոռանալով, որ լավ ընտրություններ անցկացնելու համար պատասխանատու են նաեւ իրենք». - «Առաջին պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, բայց պատասխանատու են նաեւ բոլոր քաղաքական ուժերը»:

Նշելով, թե որպես նախագահի թեկնածու, բնականաբար, ցանկություն ունի հավաքել առավելագույն ձայներ` Սարգսյանը շարունակեց. - «Բայց ձեզ անկեղծորեն եմ ասում` իմ գլխավոր նպատակը լավ ընտրություններ անցկացնելն է»:

Հանդիպումից հետո մասնակիցներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց, թե անցած տարիներին «թանկացումներից բացի ուրիշ բան չի արվել»:

Մեկ այլ եգեղնաձորցի ասաց, թե կարեւորն աշխատատեղերի ստեղծումն է. - «Եթե աշխատանք լինի, մարդիկ չեն գնա: Հիմա երեւի շրջանի բնակչության կեսը տեղափոխվում է դրսերը` աշխատելու: Տուն չկա, որ դրսերը մարդ չունեն»:

Նա, այդուհանդերձ, դրական փոփոխություններ տեսնում է. - «Շատ առաջխաղացումներ կան: Փառք Աստծո, ամեն ինչ խանութում կա»:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանի քարոզարշավը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ուղեկցվում էր մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների ելույթներով, որոնց թվում էր ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
XS
SM
MD
LG