Մատչելիության հղումներ

Սիրիայում կրկին հայ է առեւանգվել


Չորեքշաբթի առավոտյան Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսից առեւանգված ազգությամբ հայ քաղաքացու գտնվելու վայրի ու առեւանգման մանրամասների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

Նրա փոխանցմամբ` ավտոբուսը ուղեւորներին տեղափոխում էր Բեյրութ, եւ դեռեւս հստակ չեն առեւանգման մանրամասները: Ռեիսյանի կարծիքով, առեւանգողները, ամենայն հավանականությամբ, զինյալներ են:

«Խնդիրն այն է, որ երբ ներկա չես տեղի ունեցածին, չգիտես` գող-ավազակ զինյալներ են, թե իրապես ընդդիմադիր մի խմբի զինյալ», - ասաց նա:

Ռեիսյանը ասաց, որ չի ուզում հրապարակել առեւանգված հայի տվյալները` նրա իսկ ապահովության ու որոնման աշխատանքները չբարդացնելու համար:

Սա վերջին օրերին հայերի շրջանում առեւնագման երկրորդ դեպքն է: Երկու օր առաջ ընդդիմադիրների կողմից առեւանգվել է սիրիական բանակում ժամկետայն զինծառայող հայազգի Հակոբ Թունջյանը: Նրա գտնվելու մասին մանրամասներ դեռեւս չկան:

Ռեիսյանը ցավով է նշում, որ դեռեւս չեն հայտնաբերվել նաեւ անցած աշնանն առեւանգված հայերը: Անցած հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսի 10 ուղեւորները պատանդ էին վերցվել ընդդիմադիրների կողմից: Նրանցից յոթը հայեր են: Անցած ամիսներին ազատ են արձակվել նրանցից երեքը, չորսը շարունակում են գերի մնալ: Ռեիսյանն ասում է, որ չորսից երեքի տվյալներն են հստակ, նրանց հարազատները շարունակում են որոնման աշխատանքները, իսկ մյուս հայի մասին քիչ բան է հայտնի, նրան որոնող չկա:

«Մի անուն կա, որի մասին որեւէ մի տեղեկություն չկա, ոչ դեմքով, ոչ նկարով, ոչ հարազատով, այդ պատճառով չեմ կարող հստակ բան հայտարարել», - ասաց նա:

Ռեիսյանը նշում է, որ Հալեպի օդանավակայանը շարունակում է փակ մնալ ու առայժմ Սիրիայի կառավարությունը դրա վերաբացման մասին չի խոսում: Դեկտեմբերի վերջից վերանորոգման նպատակներով փակված օդանավակայանը կարեւոր դեր ուներ հատկապես այն հալեպահայերի համար, ովքեր ուզում էին հեռանալ Սիրիայից: Այժմ, սակայն, նրանց մի մասն ընտրում է ցամաքային ճանապարհը կամ էլ շարունակում է մնալ վտանգավոր այդ քաղաքում:

Սիրիական հակամարտության հետեւանքով ավելի քան 40 հայ է զոհվել:

Հունվարի սկզբին ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով` 2011 թվականի մարտից Սիրիայում սկիզբ առած հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 60 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG