Մատչելիության հղումներ

Բագրատյանը նախընտրական հանդիպումներ ունեցավ Տավուշի մարզում


Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը այսօր նախընտրական հանդիպումներ ունեցավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերում:

Չինարիում հավաքվածների հետ զրույցի ընթացքում Բագրատյանը խոստացավ, որ գյուղում երկու ձեռնարկություն է բացելու:

«Մենք գալիս ենք ձեզ մոտ, սարքում ենք երկու ձեռնարկություն, մեկը կոչվում է ագրոսերվիս` վարել-ցանելն է, մենք ենք կապիտալը դնում, ընդամենը 850 միլիոն դոլար է պահանջվում: Հիմա կասեք` սուտ է ասում, փողը որտեղի՞ց, 11 միլիարդ դոլար փող է ստացել հանրապետությունը վերջին հինգ տարում, երբ Սերժ Սարգսյանը պրեզիդենտ էր: Ի՞նչ արեցին այդ 11 միլիարդը», - ասաց Բագրատյանը:

Գյուղացիներին հիմնականում անհանգստացնում էին հարկերը, թանկացումները, նաեւ գյուղի հետագա վիճակը: Ի պատասխան գյուղացիները մտահոգությանը` Բագրատյանը ասաց, որ նրանք գյուղտեխնիկայի համար որեւէ հարկ չեն վճարելու:

«Ես ձեզ խոսք եմ տալիս, որ գյուղտեխնիկայի վրա հարկ չի լինի: Գյուղացին հողի հարկ է տալիս ու վերջ, առեւտրի մեջ մտցնելով շրջանառության հարկ եւ վերջ: Մեքենայի հետ ի՞նչ գործ ունես`այն տրանսպորային միջոցից, որը ապրանքներն է տեղափոխում», - ասաց նա:

Չինարիում Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանը միայն գյուղi տղամարդիկ էին ներկա, կանանց շատ ավելի քիչ էր հետաքրքրում, թե որ թեկնածուն էր եկել եւ ինչ ծրագիր է ներկայացնում: Նրանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, թե բոլոր թեկնածուներն էլ նույն բանն են ասում, դժգոհում էին, որ գյուղը միայն ընտրությունից ընտրություն են հիշում: Նրանք նաեւ անիրատեսական էին համարում Չինարիում կոոպերացիաներ ստեղծելու Բագրատյանի գաղափարը:

Բագրատյանը այսօր ընտրողների հետ հանդիպում ունեցավ նաեւ Բերդ քաղաքում: Նախագահի թեկնածուն Տավուշի մարզի այլ բնակավայրերում քարոզարշավը կշարունակի վաղը:
XS
SM
MD
LG