Մատչելիության հղումներ

Անշարժ գույքով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիա են անցկացրել


Հայաստնա -- Բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց, Երեւան, 24-ը հունվարի, 2013թ․

Հայաստնա -- Բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց, Երեւան, 24-ը հունվարի, 2013թ․

Նախագահի նստավայրի դիմաց այսօր կեսօրին բողոքի ակցիա էին կազմակերպել անշարժ գույքի առքուվաճառքով կամ վարձակալությամբ զբաղվող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ։

«Արտոնագրային վճարումների մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում այս տարվա հունվարի 1-ից անշարժ գույքի առքուվաճառքով կամ վարձակալությամբ զբաղվող ընկերությունները պարտավոր են ամսական 60 հազարական դրամ վճարել իրենց յուրաքանչյուր աշխատակցի համար Երեւանում եւ 10-50 հազարական դրամ՝ մարզերում։

Գործակալություններից մեկի տնօրեն Արա Գոջաբաշյանն ասում է, եթե նախկինում իր ընկերությունը ամսական վճարում էր 200 հազար դրամ, այժմ արդեն ստիպված է լինելու վճարել 800 հազար դրամ։

«Սա բավական մեծ գումար է, որը հաստատ կբերի ֆիրմաների փակման, ստվերի մեծացման», - մեզ հետ զրույցում նշեց Գոջաբաշյանը։

Հավաքվածները բաց նամակ հանձնեցին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրենց հարկել ինչպես նախկինում՝ «Շրջանառության մասին» օրենքով։

Աբովյանում գործող գործակալություններից մեկի աշխատակից Վլադիմիր Խաչատրյանն ասում է, թե իրենց ոլորտը կանխատեսելի չէ, հնարավոր են ամիսներ, երբ ընդհանրապես գործարք չի իրականացվում, այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար է շրջանառության համար հարկելը՝ «շատ կաշխատենք՝ շատ կվճարենք, քիչ կաշխատենք՝ քիչ կվճարենք»։

Գործակալություններից մեկի տնօրեն Արման Դավթյանն է նշեց, որ հունվարի համար նախատեսված հարկը դեռ չի վճարել, բայց արդեն իսկ մի քանի հոգու աշխատանքից ազատել է՝ գործավարուհիներին, պահակին, վարորդին եւ փոխտնօրեն-մենեջերին։

«Մոտ 6 հոգի ես խնդրել եմ, որ տանը նստեն եւ սպասեն պատասխանին», - նշեց Դավթյանը։
XS
SM
MD
LG