Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ փոխնախարարը այցելել է Լատվիա


Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը երեկ Լատվիա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Էդգարս Րինկեւիչսի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում կողմերը արձանագրել են, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը ստացել է պարբերական, առարկայական եւ արդյունավետ բնույթ, մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ են կատարել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Մնացականյանը ներկայացրել է Հայաստան - ԵՄ համագործակցության ձեռքբերումներն ու իրականացվելիք քայլերը մինչեւ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Կարեւորվել է 2015 թվականի առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանակներում երկկողմ համագործակցության խորացումը:

Հանդիպմանը հաջորդել են քաղաքական խորհրդակցությունները Լատվիայի ԱԳՆ-ի քաղաքական հարցերով տնօրեն Անդրեյս Պիլդեգովիչսի հետ, որոնց ընթացքում համաձայնեցվել է 2013 թվականի երկկողմ համագործակցության օրակարգը, ծավալուն քննարկումներ են կայացել բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրների շուրջ:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտյեւսի, Սաեյմայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինշի, Լատվիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Իգոր Կլեմենտյեւի, ինչպես նաեւ Լատվիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։

Նախօրեին Հայաստանի ԱԳ փոխնախարարը այցելել էր Լիտվա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG