Մատչելիության հղումներ

Հունվարի 24-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Նախագահական ընտրությունների քարոզարշավի երրորդ օրը պարզ դարձավ, որ թեկնածուների մեծ մասը չի դիմանում մրցապայքարին: Երեկ նրանց մեծ մասը ակտիվություն չդրսեւորեց՝ նախընտրելով հանրության աչքից հեռու մնալ: Միայն Րաֆֆի Հովհաննիսյանն իր անակնկալ «տուրնեով» ցնցեց մասնավորապես Էրեբունի համայնքը` վերստին ապացուցելով, որ ինքն արժանի է հայտնվելու պատվավոր երկրորդ տեղում: Ինչպես հայտնի է, քարոզարշավի երկրորդ օրը իր քարոզարշավը կասեցնելու մասին հայտարարեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Ըստ էության, քարոզարշավ չեն իրականացնում եւս երկու թեկնածուներ` «Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը եւ «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը: Ընդհանրապես առայժմ շատերը նախընտրում են հեռուստահարցազրույցներով քարոզարշավը: Եվ ուղղակի արդեն հնարավոր չէ նրանց լսել, թեեւ զարմացնում է, թե ինչպես են թեկնածուները հասցնում վազել մի հեռուստաընկերությունից մյուսը: Իսկ այդ հարցազրույցների բովանդակությունն իսկապես որ հետաքրքիր չէ. նույն բանը կրկնել օրական մի քանի անգամ, այդ ամենը կարող է հունից հանել անգամ ամենահանդուրժող հեռուստադիտողին»:

Քարոզարշավին անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ»-ը. - «Սերժ Սարգսյանը, ըստ էության, դեռ չսկսած դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը: Ճիշտ է, նախագահի թեկնածուն այս օրերին, այնուամենայնիվ, շրջագայում է մարզերում, հանդիպումներ է ունենում: Բայց հանդիպում է ոչ թե ընտրողների, այլ ՀՀԿ-ականների հետ: Մինչդեռ նկատենք, որ նախընտրական քարոզարշավի տրամաբանությունը ենթադրում է հանդիպում ոչ թե ընտրյալների, այլ ընտրողների հետ: Սերժ Սարգսյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. Հայաստանում նախագահի ընտրությունները կարելի է արդեն իսկ ավարտված համարել: Ռեալ մրցակցության բացակայության պատճառով Սարգսյանն իրեն համարում է արդեն իսկ ընտրված նախագահ, ուստիեւ թեկնաուին բացարձակապես չի հետաքրքրում քարոզարշավը»:

«168 ժամ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է. - «Սկսած 1996 թվականից, ընդդիմությունը փորձել է իշխանության հարցը լուծել հետընտրական պրոցեսների միջոցով, եւ միշտ անհաջողության է մատնվել, որը հասարակության մեջ անվստահություն է առաջացրել ընդդիմության եւ նրա առաջնորդների նկատմամբ: Հենց այդ պատճառով ես վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առաջ էի քաշում այն թեզը, որ իշխանությանը պետք է հաղթել ոչ թե ընտրություններից հետո, այլ մինչեւ ընտրությունները, իսկ ընտրություններով պետք է ամրագրել այդ հաղթանակը: Հասարակության մեջ ընդդիմության նկատմամբ անվստահության պատճառի մյուս աղբյուրն էլ այն էր, որ վերջին տարիներին, հանուն իշխանությունը վերցնելու, ընդդիմությունն էլ դրսեւորելով ոչ սկզբունքայնություն, ինչը միշտ հատուկ է եղել իշխանությանը, գնաց ինչ-ինչ ստվերային կամ բացահայտ համաձայնությունների, տարբեր քաղաքագիտական վերլուծությունների եւ հակաքաղաքական դաշինքների: Ու այդ պատճառով հասարակության մեջ ստեղծվել է անվստահության այնպիսի մթնոլորտ, որ, եթե անգամ Հիսուս Քրիստոսը գա եւ ասի, եկել եմ ձեզ փրկելու այս իշխանություններից, կասեն՝ չէ, դու մեզ չես փրկելու, դու եկել ես Սերժ Սարգսյանի հաղթանակը լեգիտիմացնելու»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը ներկայացրել է ԵԽԽՎ երեկվա նիստի ժամանակ Լեւոն Զուրաբյանի ելույթը: Նա ասել է. - «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրությունները ֆարս են, եւ որտեղ անհնար է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության: Պատճառը պարզ է. իշխող ռեժիմը ստեղծել է ընտրակեղծիքների մի ահավոր մեքենա: Ընտրացուցակները ուռճացված են. այն դեպքում, երբ Հայաստանում ապրողների թիվը կազմում է ընդամենը 1.8 միլիոն, այնինչ ընտրացուցակներում ներառված են ավելի քան 2.5 միլիոն ընտրողներ: Հայաստանում ընտրությունները վերածվել են պետականորեն կազմակերպված բազմակի քվեարկության, ինչպես նաեւ` քվեների գնման մի պետականորեն կազմակերպված միջոցառման` իշխող կուսակցության օգտին քվեարկելու հարկադրմամբ: 5-7 հարյուր հազար ձայների կեղծումն ուղիղ այնքան է, որպեսզի ապահովվի իշխող կուսակցության հաղթանակը ցանկացած ընտրություններում»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Շշուկները, որ Ռուսաստանը ցանկանում է վերստեղծել Խորհրդային Միությունը, զառանցանք են: Այդ հայտարարությունը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ արել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Սակայն իրողությունն այն է, որ Պուտինի Եվրասիական նախագիծը իսկապես ԽՍՀՄ վերակենդանացման փորձ է` պարզապես այլ անվան, այլ քողի ներքո, սակայն նույն քաղաքական եւ տնտեսական հետեւանքով ու բնույթով: Ի վերջո, դրա ապացույցն այն է, որ Ռուսաստանը Եվրասիական նախագիծը փորձում է առաջ տանել շանտաժի եւ սպառնալիքների լեզվով, իսկ Պուտինն էլ, երբ անցյալ տարի լայն հանրությանն էր ներկայացնում Եվրասիական միության գաղափարը, անթաքույց կերպով իր կարոտաբաղձությունն էր դրսեւորում ԽՍՀՄ հանդեպ` չթաքցնելով, որ հետխորհրդային երկրներում եւ Ռուսաստանում հասարակությունների մի զգալի մասը կարոտում է ԽՍՀՄ-ը, եւ որ դրա փլուզումը կորուստ էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG