Մատչելիության հղումներ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը վերադարձրել է 2008 թվականին ստացած ՀՀ նախագահի մրցանակը:

«Մրցանակը վերադարձվեց մի պարզ պատճառով, որ գիտության բնագավառում, ինչպես եւ ամենուր մեր կյանքում ցինիզմը հասել է գագաթնակետին, այլասերվել են ամբողջ գիտական համակարգը, գիտական չափորոշիչները: Եվ ես, որպես մասնագիտական արժանապատվության նշան եւ բողոքի նշան` ընդդեմ այն ամենի, ինչ կատարվում է մեր գիտության բնագավառում, նպատակահարմար գտա վերադարձնել, քանի որ այդ ամեն ինչի պատասխանատուն երկրի նախագահն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գիտնականը:

Փաստարկելով, թե ինչու է հիմա հրաժարվում գրեթե 5 տարի առաջ ստացած մրցանակից` գիտնականն ասաց, թե այդ տարիների ընթացքում «հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել»:

«Այսօր այնքան են արժանապատվությունը, պատիվը գցել, վարկանիշներն իջեցրել, որ ով փողոցից դուրս է գալիս գիտական աստիճաններ է ստանում», - շարունակեց նա: - «Վերջին կաթիլը, որ ցինիզմի բաժակը լցրեց` նախարարները, մարզպետները արդեն շատ հեշտությամբ դառնում են գիտությունների թեկնածու: Իրենց դա հաստատ պետք չէ, բայց դրանով նրանք այլասերում են գիտությունը եւ գիտության վարկն են գցում: Օրինակ, պաշտպանության նախարարը դառնում է գիտությունների թեկնածու… Իմ գիտական աստիճանը եթե Հայաստանից ստացած լինեի, դա էլ կվերադարձնեի»:

Նա ասաց, որ իր քայլը «անկասկած» պատահաբար չի համընկել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածին. - «Ինչ ոչ երկրում է կատարվում, չի կարող չանդրադառնալ գիտության վրա: Գիտության բնագավառում չեն կարող լինել այն բարքերը, որ կան ամբողջ հասարակության տարբեր բնագավառներում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG