Մատչելիության հղումներ

Լավրովը ղարաբաղյան գործընթացի մանրամասներ է հրապարակել


Ռուսաստան - Արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը Մոսկվայում, 23-ը հունվարի, 2013թ.
Ռուսաստան - Արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը Մոսկվայում, 23-ը հունվարի, 2013թ.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ ամփոփել է 2012 թվականի արդյունքները, խոսել է նաեւ ղարաբաղյան խնդրից, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունից։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ինչպես եւ նախկինում` այսօր էլ Մինսկի խմբի համանախագահները միասին ջանքեր են գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հրապարակելով բանակցային գործընթացի որոշ մանրամասներ` Լավրովը նշել է, որ Մինսկի խումբը տարիներ շարունակ աշխատում էր խնդրի կարգավորման շուրջ ու 2007-ին առաջարկել էր փաստաթուղթ, որը ընդունելի էր հայկական կողմի համար եւ ընդունելի չէր ադրբեջանական կողմի համար, իսկ 2009-ն առաջարկել էր մի փաստաթուղթ, որը, հակառակը, ընդունելի էր ադրբեջանական կողմի համար, սակայն ընդունելի չէր հայկական կողմի համար։ Այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկու երկրների նախագահներին առաջարկել էր մշակել մի փաստաթուղթ, որը կարող էր ընդունելի լինել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար, սակայն 2011-ի հունիսին Կազանում հանդիպումը տապալվեց։

Այսօր Սերգեյ Լավրովը հիշեցրել է այդ հանդիպման մասին, ընդգծել, որ որեւէ փաստաթուղթ դրա ժամանակ չի ստորագրվել, այդ հանդիպումից հետո նախագահների երկկողմ հանդիպում չի կայացել, առաջիկայում էլ նման հանդիպում նախատեսված չէ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները շարունակվում են, եւ ընդհանրապես` Մինսկի խումբը շարունակում է իր միջնորդական առաքելությունը։

Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաեւ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից, ասել է, որ պաշտոնական Մոսկվան վարձակալության գնի շուրջ չի կարողացել պայմանավորվել Բաքվի հետ, քանի որ ադրբեջանական կողմի առաջարկած գինը չափազանց բարձր էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG