Մատչելիության հղումներ

Ամենասուղ միջոցներն ունի Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ով գրեթե ոչինչ չի հայտարարագրել:

Հայաստանի նախագահի ութ թեկնածուներից ամենամեծ կարողությունն ունի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ամենասուղ միջոցները` Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ով գրեթե ոչինչ չի հայտարարագրել:

Ըստ նախագահության թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի, Սերժ Սարգսյանն ունի 96 քմ մակերեսով շենք եւ շինություն Ստեփանակերտում, 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա, «թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել է մշակութային արժեքների մեծ հավաքածու. նա ունի Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Քոչարի, Կոջոյանի եւ Աբեղյանի կտավների սեփականություն, ժամանակակից նկարիչների 32 կտավներ, 18-20-րդ դարերի հնաոճ արձանիկներ, քանդակներ:

Ըստ հայտարարագրի, Սերժ Սարգսյանի եկամուտը գոյանում է աշխատավարձից, աշխատավարձին հավասարեցված վճարումից, «Արարատբանկ»-ին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: Նախագահի հայտարարագրած դրամական միջոցները հունվարի 16-ի դրությամբ կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ:

Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նախագահության միակ թեկնածուն է, ով, ըստ հայտարարագրի, ոչինչ չունի` ոչ անշարժ գույք, ոչ մեքենա, ոչ թանկարժեք իրեր, ոչ արժեթղթեր ու ներդրումներ եւ ոչ էլ եկամուտներ: Հունվարի 19 ի դրությամբ նա ունեցել է 440 հազար դրամ:

Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ ոչ երկրում, ոչ երկրից դուրս որեւէ սեփականություն չունի: Ասաց, որ գրանցված է մոր սեփականությունը հանդիսացող տանը եւ ընտանիքի հետ բնակվում է կնոջը ժառանգություն հասած բնակարանում: Առաջադրման համար անհրաժեշտ 8 միլիոն դրամը տրամադրել են համախոհները, «որոնք հետո դարձել են իմ ընկերները», ասաց թեկնածուն: Հարցին, թե այս պայմաններում չի ափսոսո՞ւմ այդ գումարը, որը կկորցնի ընտրողների ձայների 5 տոկոսը չստանալու դեպքում, Արման Մելիքյանը պատասխանեց. - «Մարդիկ, ովքեր տրամադրել են այդ դրամը, կարծում եմ` դրան էլ են պատրաստ: Ինձ համար խնդիր չէ, որովհետեւ դա իմ դրամը չէ, այդ 8 միլիոն դրամը անձնական օգտագործման համար չէր հատկացվում, եւ եթե անհրաժեշտ լինի, որ այդ դրամը կորի, ուրեմն պիտի կորի: Բայց եթե լինեն օրինական ընտրություններ, այդ դրամի կորչելու հետ կապված խնդիրը, կարծում եմ, մեջտեղից կվերանա, որովհետեւ չկորցնելու համար բավական կլինի 5 տոկոս հավաքել, իսկ ես ասում եմ, որ այդ տոկոսը շատ ավելի բարձր կլինի: Բայց պայմանն օրինական ընտրություններն են: Հիմա մենք դրա մասին ենք հոգ տանում»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը եւս իր կարողություններով զիջում է նախագահի բոլոր թեկնածուներին, բացառությամբ Արման Մելիքյանի: Նա ունի 107.9 քմ մակերեսով միանձնյա սեփականություն հանդիսացող շենք եւ շինություն, մի բնակարան, 2003 թվականի արտադրության «Գազ 3110-101» մակնիշի ավտոմեքենա, եկամուտները գոյանում են խնայողություններից եւ փոխառություններից: Հունվարի 19-ի դրությամբ ունեցել է 1 միլիոն 600 հազար դրամ եւ 500 դոլար գումար: Արամ Հարությունյանը եւս ասաց, որ առաջադրման համար անհրաժեշտ 8 միլիոն դրամն ընկերներն են տվել: Հարությունյանը մտադիր է փետրվարի 8-ին ինքնաբացարկ հայտարարել: Գումարը կորցնելու մասին հարցին ի պատասխան ասաց, որ գումարը իր նպատակին ծառայում է, քանի որ առաջադրվելով եւ իր սուր ելույթներով կարողանում է «երկրում առկա վախի մթնոլորտը հաղթահարել»:

«Ես մտածում եմ, որ այդ գումարը նույնիսկ այնքան քիչ է այն նպատակի համար, այն առաքելության համար, որ ես իրականացնում եմ: Եթե ես հնարավորություն ունենայի մի տաս անգամ ավելի ծախսելու, ես կծախսեի, որպեսզի ասեի այն, ինչ ասում եմ», - ասաց նա:

Դիտարկմանը, թե շրջանառվում է այն կարծիքը, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է իրեն ֆինանսավորել` գործող իշխանությունների դեմ ելույթների համար, թեկնածուն հակադարձեց. - «Քոչարյանի ինչի՞ն էր պետք դա: Հայաստանում միշտ ուզում են մտածել, որ հնարավոր չէ մարդն անկախ լինի` կամ երեք նախագահներից մեկի հետ է կապված, կամ եսիմ ում հետ է կապված… Բայց ես էլ ցույց եմ տալիս, որ կարելի է լինել անկախ»:

«Դե, եթե Քոչարյանը տար, ավելի շատ կտար էլի, թե կարծո՞ւմ եք` Քոչարյանի ձեռքը պինդ է», - հեգնեց նա:

Որպես էպոսագետ ներկայացվող Վարդան Սեդրակյանը սեփական 4 հողամասեր ունի, 132 քառակուսի մետր մակերեսով մի բնակարան, 252 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն, 2011 թվականի արտադրության «Միցուբիշի աուտլենդեր» ավտոմեքենա: Նա չի հայտարարագրել, թե եկամուտները որտեղից են գոյանում: Հունվարի 16-ի դրությամբ ունեցել է 9 միլիոն 900 հազար դրամ:

«Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը հայտարարագրել է երկու կիսակառույց շինություն հողամասերով` մեկը Երեւանում, մեկը` Կոտայքի մարզում, մեկ շինություն եւ հողամաս էլ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում: Ունի 2003 թվականի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտները գոյանում են ամերիկյան 3 բանկերից ստացված փոխառություններից եւ կենսաթոշակից: Հունվարի 18-ի դրությամբ ունեցել է 20 հազար դոլար եւ 120 հազար դրամ:

Իսկ «Ռադիոհայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը հայտարարագրել է 1 բնակարան Երեւանի կենտրոնում, 1 սեփական տուն, հողամաս եւ վարելահող Զովունիում: Ունի իրեն պատկանող 2007 թվականի «Տոյոտա Պրադո» ավտոմեքենա, «Ֆլամինգո Արտ լողափ» ՍՊԸ-ի 45 տոկոս բաժնետերն է: Եկամուտները գոյանում են ձեռնարկատիրական գործունեությունից: Ղուկասյանը, ով այս ընտրությունները «շինծու» է համարում, միակ թեկնածուն էր, ում վրդովեցրեց «Ազատություն» ռադիոկայանի «այդ դեպքում չեք ափսոսո՞ւմ առաջադրման համար վճարած 8 միլիոն դրամը» հարցը:

«Ձեզ անձամբ մտահոգո՞ւմ է այդ հարցը», - հարցրեց հացադուլ անող թեկնածուն:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարագրել է 613 քառակուսի մակերեսով մ տուն Երեւանի Արաբկիր համայնքում, երկու բնակարաններ Սայաթ –Նովա եւ Ավետիսյան փողոցներում` 120 եւ 85 քառակուսի մակերեսներով: Ունի 2003 թվականի «Նիսսան X -trail» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտները գոյանում են պատգամավորի աշխատավարձից, Ուկրաինայի Բանկային գործի համալսարանից եւ Հայաստանի Ռուս- հայկական համալսարանից ստացվող աշխատավարձերից, Ֆրանսիական «Pernod Ricard» ընկերությունից ստացվող շահաբաժնից եւ «Ասմուս Ռոտնե» ընկերությունից ստացվող վարձակալական վճարից: Հունվարի 14-ի դրությամբ Հրանտ Բագրատյանն ունեցել է 65 հազար դոլար:

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել է երկու տուն Երեւանում եւ «Գազ 311000» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագիրը ներկայացնելու օրը` հունվարի 17-ին թեկնածուն ունեցել է 402 հազար դրամ եւ 51 հազար դոլար:
XS
SM
MD
LG