Մատչելիության հղումներ

Անշարժ գույքի շուկայի ձեռնարկությունները բողոքում են հարկային բեռի ծանրացման դեմ


Էլիտար բնակարանային համալիր Երեւանում, արխիվ
Էլիտար բնակարանային համալիր Երեւանում, արխիվ
Անշարժ գույքի առք ու վաճառքի, վարձակալության ոլորոտում գործող փոքր ու միջին ընկերությունների ղեկավարները բողոքում են, թե իշխանությունների ձեռնարկած հարկային փոփոխությունների հետեւանքով իրենք շուրջ երեք անգամ ավելի հարկ են վճարելու, իսկ դա լուրջ խնդիր կստեղծի շատ ընկերությունների գոյատեւման համար:

Այսօր հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեցին «Ար-գո ռիելթի», «Ա.Գ. Բորսա» եւ «Երկիր» ընկերությունների ղեկավարներ Արայիկ Գոջաբաշյանը, Արտյոմ Պրիբիլսկին եւ Լեռնիկ Եսայանը:

Բանախոսները հավելեցին, թե «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխություններից հետո, որոնք ուժի մեջ են մտել անցած տարվա դեկտեմբերին, ոլորտում գործող փոքր ու միջին շատ ընկերություններ այլ ելք չեն ունենա, քան փակվել կամ անցնել ստվերային դաշտ, նշվածը կհանգեցնի գործազուրկների թվի աճին եւ ի վերջո կարող է տանել ոլորտի մոնոպոլիզացմանը, երբ կմնան մի քանի խոշոր ընկերություններ:

Արտյոմ Պրիբիլսկիի խոսքով, եթե նախկինում յուրաքանչյուր աշխատակցի հաշվով իրենք վճարում էին ամսական 15-20 հազար դրամ` եկամտահարկ եւ սոցվճարներ, ապա այժմ, օրենսդրական փոփոխություններից հետո, բացի նշված վճարներից, ընկերությունը յուրաքանչյուր աշխատակցի համար պետք է վճարի եւս 60 հազար դրամ: Ընդ որում, խոսքը չի գնում միայն ռիելթորների կամ առք ու վաճառքով զբաղվող անձանց մասին:

«Ստվերը հաստատ լինելու է, լինելու է նաեւ կոռուպցիան։ Որովհետեւ հավաքարարի համար պետք է վճարես, օպերատորի, վարորդներ։ Նույն հավաքարարը, եթե դիմացի մայթն անցնի խանութում աշխատի, նրա համար 60 հազար դրամ ամիսը չեն վճարելու։ Այսինքն, մենք կամ պիտի կրճատենք այդ մարդկանց, կամ, եթե ունեմ, ասենք, 5 աշխատող, գրանցելու երկուսին (իհարկե, ես չէ)։ Փորձելու եմ ծանոթ-բարեկամ գտնել հարկայինում, որ մեզ չբռնեն, չտուգանեն։ Մենք հետ ենք գտնում դեպի 90-ականները», - ասում է Արայիկ Գոջաբաշյանը: - «Իմ կոլեգաները եւ շատ ուրիշ ֆիրմաներ կամաց-կամաց, տարի-տարի գնում էին դեպի օրինական դաշտ, գրանցում էին աշխատողներին, վճարում էին հարկերը, ցույց էին տալիս շրջանառությունը։ Հիմա մեզ էլի ուղարկում են հետ, որ մենք էլի աշխատենք ոչ օրենքի դաշտում։ Ու հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կաշխատեն, որովհետեւ այլընտրանք չունեն։ Կամ պիտի փակվեն, հեռանան Հայաստանից»:

Բանախոսները դժգոհեցին, թե օրենքում փոփոխություններ կատարելիս` իշխանությունները իրենց հետ չի խորհրդակցել:

Գոջաբաշյանի, Պրիբիլսկու եւ Եսայանի խոսքով, ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները ցանկանում են, որպեսզի հարկային բեռը լինի այնպիսին, որ ձեռնարկությունները «չխեղդվեն դրա տակ»:

Ոլորտի մի քանի տասնյակ ձեռնարկությունների ղեկավարներ նամակով դիմել են Հանրապետության նախագահին, վարչապետին ու ֆինանսների նախարարին եւ այժմ պատասխանի են սպասում:

Արձագանքի համար այսօր մենք էլ դիմեցինք Ֆինանսների նախարարություն եւ Պետեկամուտների կոմիտե, սակայն երկու տեղից էլ որեւէ պատասխան չստացվեց:

Եվ վերջում, հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ էլ Հանրապետության նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել ատամնաբույժները: Պատճառը օրենսդրական նույն փոփոխությունն էր, ինչի հետեւանքով այս հունվարի 1-ից իրենց հարկերը շատացել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG