Մատչելիության հղումներ

Փորձագետ․ «Գործող նախագահի կայքը ամենաթիթիզն է»


Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց միայն երեկ, մինչդեռ համացանցում այն վաղուց էր սկսվել: Թեկնածուներից շատերը իրենց կայքն էին ստեղծել եւ անցել ակտիվ քարոզչության:

Ինտերնետային աշխարհում քարոզչությունը մեծ ազդեցություն է ունենում: Տեղեկատվության անվտանգության մասնագետ եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով այս ընտրություններում ինտերնետային լսարանը համեմատելի է հեռուստատեսայինի հետ։

Օրինակ Պարույր Հայրիկյանը իր կայքում ներկայացնում է սեփական քնարական եւ հայրենասիրական երգերը: Սա ինտերնետային քարոզչության նոր ձեւ է: Պարույր Հայրիկյանի կայքէջ մտնելուց առաջ ցանկալի է ցածրացնել համակարգչի ձայնը, քանի որ մտնելուն պես բարձր երաժշտություն է միանում:

Իսկ ովքեր են թեկնածուներից լուրջ վերաբերվում ինտերնետային քարոզչությանը: Առաջին կարեւոր քայլը դա սեփական կայքէջն ունենալն է: Այստեղ որոշ թեկնածուներ ներկայացնում են իրանց նախընտրական ծրագրերը եւ երկրի խնդիրները, մինչդեռ օրինակ Վարդան Սեդրակյանը իր կայքէջում կիսվում է հայ էպոսի մասին իր պատկերացումներով:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կայքէջը փորձագետի կարծիքով նախընտրական բուկլետի է նման: Հաջորդը Րաֆֆի Հովհաննիսյանի կայքն է, որը Մարտիրոսյանի խոսքով եղածների մեջ միակն է, որ շատ պարզ տեխնոլոգիայով է պատրաստված եւ խոցելի է հաքերների կողմից: Այն նույնպես դիզայնի առումով բուկլետի է նման:

Հաջորդ երկու թեկնածուների կայքերում նորարարություններ կան: Պարույր Հայրիկյանի կայքէջում օրինակ հատուկ հաշվեհամար է գրված, որով թեկնածուի նախընտրական արշավի համար կարելի է գումար փոխանցել: Այս փորձը ըստ Մարտիրոսյանի ընդունված էր նաեւ Բարաք Օբամայի մոտ: Իսկ ամենանորարար եւ լավ պատրաստված կայքեջը մեդիա փորձագետի կարծիքով գործող նախագահինն է:

«Գործող նախագահի կայքը ամենաթիթիզն է: Այստեղ օրինակ հեռախոսի համար զանգի երաժշտություն կարելի է ներբեռնել, իսկ հատուկ կարիքներով մարդիկ կարող են լսել նախընտրական ծրագիրը», - ասում է նա։

Նախագահի թեկնածուներից Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի կայքեջերը այդպես էլ չհայտնաբերեցինք, իսկ Հրանտ Բագրատյանի կայքէջը դեռեւս պատրաստման փուլում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG