Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 2-ին արդեն պարզ կդառնա, թե Շվեդիայի Մալմո քաղաքում ինչ երգով կներկայանա Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ին:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այսօր տեղեկացրեց, որ հայաստանյան մասնակցի ընտրությունը, ի տարբերության երգի, որը կընտրվի բաց քվեարկությամբ, տեղի կունենա փակ քվեարկության արդյունքում:

Երգի մրցույթին, ըստ կանոնների, կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր երգիչ-երգչուհիներ: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի էլ բեմում կարող են լինել ոչ ավելի, քան 6 հոգի: Գասպարյանը նշեց, որ երգում ձայնագրված ձայների քանակը կարող է լինել ոչ ավելի, քան 6-ը: Մրցութային երգը պետք է պաշտոնապես հրապարակված չլինի մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը եւ չգերազանցի 3 րոպեն:

Երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Նա նաեւ հավելեց, որ անթույլատրելի են քաղաքական, գովազդային, վիրավորական բնույթի խոսքերն ու բեմադրությունները:

Ստեղծագործությունների հայտերը կընդունվեն մինչեւ փետրվարի 20-ը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ վերջին շրջանում շատ են դիմում արտերկրից` Շվեդիայից, Նիդերլանդներից, Բելգիայից` մեծամասամբ օտարազգի հեղինակներ:

«Շատ-շատ են դրսից երգերը: Որ ասեմ` որակապես լավն են, իմ կարծիքով, այդքան էլ չէ, մի քիչ մեր կուլտուրային համապատասխան չեն: Բայց այն, որ ակտիվություն կա, եւ ցանկացողները շատ են, ակնհայտ է», - նշեց Գոհար Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG