Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը իշխելու չի գալիս, այլ ծառայելու


Ընտրվելու դեպքում նախագահի թեկնածուն խոստանում է սոցիալական բազմաթիվ հարցեր լուծել, նվազեցնել հարկերը, 180 հազար նոր աշխատատեղ ստեղծել։

Այս ընտրությունը Սերժի եւ Րաֆֆիի միջեւ պայքար չէ, սա ստվերի կամ լույսի համար Հայաստանի ժողովրդի եւ իշխանության միջեւ պայքար է, մայրաքաղաքում Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում հավաքված իր մի քանի տասնյակ համակիրներին դիմելով, հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կանխորոշված է միայն Աստծո պատգամը, մյուս դեպքերում ամեն ինչ հնարավոր է, կարծում է թեկնածուն, ում կարգախոսը հենց այդպես էլ հնչում է՝ «Հնարավոր է»։

«Հանձնառու ենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեր եւ մեր համաքաղաքացիների պայքարով վերադարձնելու ենք Հայաստանի ժողովրդին», - դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց թեկնածուն։

Հովհաննիսյանը վստահեցրեց՝ իշխելու չի գալիս, այլ ծառայելու։ Ընտրվելու դեպքում խոստացավ սոցիալական բազմաթիվ հարցեր լուծել, նվազեցնել հարկերը, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար միջավայր ապահովել, 180 հազար նոր աշխատատեղ ստեղծել, 50 տոկոսով ավելացնել կենսաթոշակները, գիտությանն ու կրթությանը, առողջապահությանը հատկացվող գումարները, պաշտպանական ծախսերը։

«Ճարպահանելով պետական բյուջեից, էս փորից, էս մեր վզերից, ստվերը բերման ենթարկելով՝ բերելու ենք շատ շոշափելի, կոնկրետ արդյունքների», - հայտարարեց թեկնածուն։

Արտաքին քաղաքականության մասով ասաց՝ նախագահ դառնալու դեպքում կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ջավախքը կդարձնի ոչ թե Հայաստանն ու Վրաստանը բաժանող, այլ երկու երկրների ազգային անվտանգությունը միացնող գործոն։ Ռուսաստանը վարվելիք արտաքին քաղաքականության արդյունքում կդարձնի ավելի ռազմավարական գործընկեր, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հովհաննիսյանի ծրագրերն այսպիսին են․ - «2015 թվականի ապրիլի 24-ին կամ կունենանք բաց սահմաններ, առանց նախապայմանների, առանց պրոտոկոլների դիվանագիտական հարաբերություններ, որի միջոցով կլուծենք Հայկական հարցը, կամ էլ մենք այդ օրը կիջեցնենք առաջին անգամ հայ ժողովրդի նախապայմանները»։

Բայց այս ամենն իրականացնելու համար նախ հայաստանցին ընտրության պետք է գնա, Սերժ Սարգսյանն էլ իր խոսքն ու գործը մեկ անի՝ չչարաշահի պետական կառույցները քաղաքացիների իրավունքները խախտելու համար, ասում է Հովհաննիսյանը։

«Փոխանակ սահման պահեն, հասարակական կարգ ապահովեն, մեր հպարտության աղբյուր զինվորները, ոստիկանները, անվտանգության ծառայողները ուղղորդվում են քվեարկություն խախտելու համար, համաքաղաքացուն նկարահանելու համար՝ իրենց ահաբեկելու միտումով։ Եթե մի տեղ եւս ես դա տեսնեմ, ոչ միայն կմոտենամ այդ կամերային, այլ կասեմ իմ հիմնական մրցակցին, որ այս ընտրությունը վերջացած է», - հայտարարեց նախագահի թեկնածուն։

Եթե հայաստանցուն փորձության ճանապարհով տանեն, կեղծեն ընտրությունները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ կստանան պատասխանը, թեեւ թեկնածուն այսօր էլ շեշտեց, որ հետընտրական զարգացում չի ուզում, բայց ամեն ինչ հնարավոր է։

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է սպասել պետական համակարգն ապակուսակցականացնելու՝ նախագահ Սարգսյանի քայլերին․ - «Այդ պատասխանը առաջին հերթին կլինի Հայաստանի քաղաքացուն ուղղված, հետո միջազգային հանրությանը, եթե հերթական դե ֆակտո վիճակն է, կարելի է ակնկալել շարունակություն, որը բերելու է վաղվա օրվա հաղթանակին»։

Օպերայից Հովհաննիսյանը մինչեւ Հանրապետության Հրապարակ քայլեց, բարեւեց անցորդներին, հետո այցելեց Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլի նստած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։

Հովհաննիսյանի քարոզարշավը շրջիկ է լինելու։ Օպերայի հրապարակից շրջիկ քարոզիչները թեկնածուի նկարներով, «Հնարավոր է» կարգախոսով միկրոավտոբուսներով շարժվեցին մայրաքաղաքի տարբեր համայնքներ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG