Մատչելիության հղումներ

logo-print

Էպոսագետը քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից


Հայաստանի նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը միայն փետրվարի 1-ից կսկսի իր ակտիվ քարոզարշավը: Երկուշաբթի այդ մասին լրագրողներին հայտնեց նախագահի թեկնածուն` հավելելով, որ ինքն այս ընտրություններին պատրաստվում է ներկայանալ սեփական խաղի կանոններով:

«Որեւէ մարզ չեմ պատրաստվում գնալ եւ ազգաբնակչությանը ձեռքով, կամ գլխով, կամ աչքով բարեւելու որեւէ մտադրություն չունեմ: Ես կնախընտրեմ երեկոյան հանգիստ, բազկաթոռի մեջ նստած նայել, թե մեր թեկնածուները ինչպես են մարզերով մեկ վազվզում», - ասաց Սեդրակյանը:

Շտաբեր կլինեն, եթե դրանց անհրաժեշտությունը լինի: Չի լինի ոչ գովազդային վահանակ, ոչ թռուցիկ, ոչ բուկլետ: Սեդրակյանը չի օգտվի իրեն տրված եթերաժամից, կբավարարվի միայն հարցազրույցներ տալով եւ մամուլի ասուլիսներ հրավիրելով:

«Որի ժամանակ էլ մենք միասին կքննարկենք մեր գործընկերների կատարած քայլերը, կփորձենք մեր խորհուրդներով օգնել իրենց, ցույց տալ` որ կետում են թույլ», - ասաց նա:

Նախագահի թեկնածուն իր քարոզարշավը սկսեց մրցակիցներին քննադատելով, մասնավորապես, սլաքներն ուղղված էին Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ առավելություն ունի ինքն իր մրցակիցների նկատմամբ եւ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացին իր ձայնը հենց իրեն պետք է տա, Սեդրակյանը մասնավորապես նշեց, որ լուծարելու է այս Ազգային ժողովը եւ արդար ընտրությունների միջոցով ստեղծելու է նորը, որն էլ կձեւավորի կառավարություն, ինչն էլ իր հերթին հակակշռի կլինի նախագահի ինստիտուտին: Նա նախատեսում է ստեղծել «չորս նախագահների ինստիտուտը», որը միավորելու է բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Սեդրակյանը նաեւ պատրաստվում է ազատել քաղաքացուն ամեն տիպի հարկերից:

«Ազգաբնակչությունը կազատվի հաշվիչ դրամարկղային մեքենաներ կոչվող հրեշներից, կվերանա հողի հարկը, ոռոգման ջրի հարկը, հավելյալ արժեքի հարկը, շահութահարկը… Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազատվեն եկամտահարկից: Պետությունը ինքը պետք է կարողանա հանդես գալ որպես ձեռնարկատեր: Այն պետությունը, որը հույսը դնում է իր ազգաբնակչության կաշին քերթելով հարկեր հավաքելու վրա, կանգնում է այն փաստի առաջ, ինչը որ մենք այսօր ունենք», - հայտարարեց Սեդրակյանը:

«Վերեւում Աստված կա»` Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» հայտնի գրքից է իր կարգախոսը վերցրել էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել էր, այսօր քարոզարշավի մեկնարկի առիթով խորոված է անելու ընտանիքի անդամների եւ ընկերների համար: Ասաց` մի խորոված էլ կանի փետրվարի 19-ին` ընտրությունների նախնական արդյունքները ամփոփելու օրը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG