Մատչելիության հղումներ

logo-print
Ընտրական օրենսգրքի պահանջով` քվեարկությունից 30 օր առաջ ոստիկանությունն այսօր հրապարակեց Հայաստանի ընտրողների թիվը` 2.507.960 մարդ:

Անցած տարվա մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցուցակներում ընդգրկված էր 2.485.844 մարդ, անցած 6 ամիսների ընթացքում քվեարկողների թիվն ավելացել է ավելի քան 22 հազարով:

Մինչդեռ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր նախագահի թեկնածու, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի դիմումը, ով խնդրում էր հրապարակել Հայաստանից հեռացած քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստացած երկքաղաքացիների կամ էլ քաղաքացիությունից հրաժարված անձանց թվային տվյալները:

Մելիքյանը, հիշեցնենք, պնդում է, որ իր հաշվարկներով ընտրողների հրապարակված թվի առնվազն 35 տոկոսը Հայաստանում չէ, ուստի ԿԸՀ-ն հրապարակելով այս տվյալները, ցույց կտա թե որքանով են պաշտոնական տվյալները ճշմարտացի:

«Հանձնաժողովը պետք է ինքնուրույն քայլեր ձեռնարկի», - ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանին հորդորում էր Արման Մելիքյանը:

Հանձնաժողովը, սակայն, քվեարկությամբ միաձայն մերժեց նախագահի թեկնածուի դիմումը:

Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ, իր ղեկավարած կառույցը չունի լիազորություններ հանձնարարականներ տալու որեւէ մարմնի հավաքել ու հրապարակել տեղեկություններ Հայաստանից հեռացած մարդկանց թվաքանակի մասին:

Երկքաղաքացիների եւ քաղաքացիությունից հրաժարված անձանց մասով դիմումը հանձնաժողովն ուղղեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:

Արման Մելիքյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ի այս որոշումն իր համար կանխատեսելի էր, եւ ինքը փորձելու է այլ ճանապարհներ գտնել մինչեւ փետրվարի 18-ը ընտրացուցակներն անճշտություններից մաքրելու համար:

«Ես վստահ եմ, որ հենց այդ 35-40 տոկոս ձայների օգտագործումն է նախկինում հնարավորություն տվել կեղծելու ընտրությունները հօգուտ թեկնածուներից մեկի: Մինչեւ մենք քաղաքական հարթության վրա չկարողանանք համաձայնության գալ քվեարկողների թվի վերաբերյալ, մենք պնդելու ենք, որ առաջիկա ընտրությունները եւս կարող են կեղծվել», - ասաց Մելիքյանը:

Հիշեցնեմ, նախօերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հանդես եկավ ընտրացուցակների հետ կապված քննադատությամբ` հայտարարելով, թե այդ հարցը Վեհաժողովի պատվիրակություն հիմնական մտահոգության առարկան է:

Եվրոպացի դիտորդները վկայակոչել էին անհստակությունը արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում` շեշտելով, թե պատվիրակությունը նաեւ հիասթափված է տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել:

Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դիտորդական առաքելության մի շարք պնդումներ համարում է սուբյեկտիվ` խոստանալով մանրամասները հրապարակել այն պատասխան նամակում, որն առաջիկայում մտադիր է ուղարկել ԵԽԽՎ:
XS
SM
MD
LG