Մատչելիության հղումներ

Դարբնիկում ապաստանել են Ադրբեջանից, Իրաքից եւ Սիրիայից եկած հայերը


Այս գյուղում են հավաքվել տարբեր ժամանակահատվածների արյունալի բախումներից փախած ադրբեջանահայերը, իրաքահայերը, այժմ էլ՝ սիրիահայերը:

Երեւանից 8 կիլոմետր հեռու Դարբնիկի շուրջ 1400 բնակիչների մեծ մասը ծնունդով հայաստանցի չեն:
Բնակչության թիվը վերջին ամիսներին համալրվեց սիրիահայերով եւս: Սիրիայի ճգնաժամի հետեւանքով Հայաստան փախած 10 ընտանիքի Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ տեղավորեցին վերջին տարիներին Դարբնիկում Իրաքահայերի համար կառուցված հարմարավետ հանրակացարաններում:
60-ամյա հալեպցի Մարի Քարեյանն ամուսնու հետ ապաստանել է իրաքահայերի ու ադրբեջանահայերի հարեւանությամբ:

Կինը ցույց է տալիս հանրակացարանի՝ իրենց բաժին հասած փոքր բնակարանը, որը թեեւ համեմատելի չէ Հալեպի բնակարանի հետ, բայց կարեւորն այն է, որ ապահով է. - «Գիշերը հանգիստ կքնենք»:

Սիրիայերի հարեւանությամբ հանրակացարանում բնակվում է 23 իրաքցի ընտանիք: Իրաքում ծավալված պատերազմական գործողություններից փախչելով՝ Մարգարյանների ընտանիքը հայրենիք է եկել այստեղ հաստատվելու մտադրությամբ: Բաղդադում են թողել մեծ, ընդարձակ ու գեղեցիկ տունն ու տեղավորվել երկու սենյականոց հանրակացարանային բնակարանում: 64-ամյա ժենյա Մարգարյանն ասում է, որ ամուսինը չդիմացավ փոփոխությանն ու տեղափոխվելուց քսան օր անց մահացավ» - «Մեր հայրենիքն է, ճիշտ է, բայց դժվար է»:

Տիկին Ժենյայի ընտանիքին հանրակացարանի երկու բնակարան են հատկացրել: Երկու որդիներն իրենց ընտանիքներով սակայն, օրվա մեծ մասը հանրակացարանի երկու սենյականոց մի բնակարանում են անցկացնում: Այստեղի պայմաններն անհամեմեմատելի են Բաղդադի պայմանների հետ:

Իրաքցի այս ընտանիքը հպարտությամբ է խոսում Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասին: Պատահական ծանոթությունից հետո Շարմազանովը բարեկամացել է այս ընտանիքի հետ, ու, ինչպես տիկին Ժենյան է ասում, ամեն հարցում աջակցում է իրենց. - «Մեր քավորը Էդուարդ Շարմազանովն է»:

Չնայած դժվարություններին, որոնց բախվում են իրաքահայ ու սիրիահայ ընտանիքները Հայաստանում, հույսը, որ հայրենիքում օրերից մի օր իրենք սեփական տանիքը կունենան ու լավ կապրեն, դեռ չի մարել:

Մինչդեռ նույնը չես ասի նրանց հարեւանությամբ ապրող ադրբեջանահայերի մասին: Անցած 23 տարիները հուսալքել են նրանց: Ադրբեջանահայ Ռադա Հարությունյանը, ով մեկ տարի է, ինչ բնակվում է հարմարավետ հանրակացարանում, դեռեւս Հայաստանի քաղաքացի չի դարձել: Նա մտավախություն ունի, որ փախստականի կարգավիճակից հրաժարվելուց հետո իր ընտանիքը կզրկվի բնակարան ստանալու իրավունքից:

49-ամյա Ռադան դեռ մեկ տարի առաջ բնակվում էր իրաքահայերի հարմարավետ հանրակացարանից քիչ հեռու գտնվող հանրակացարանում: Այդտեղ միայն ադրբեջանահայեր են բնակվում: Այս հանրակացարանի պայմաններն անհամեմատելի են իրաքահայերի համար կառուցված հանրակացարանի պայմանների հետ: Ջուրը վերեւի հարկեր չի հասնում, բաղնիքը մի քանի ընտանիքների համար ընդհանուր է:

Բնակիչներն ասում են, որ Հայաստանի քաղաքացի դառնալն իրենց որեւէ օգուտ չտվեց:
Հայաստանում դեռեւս սեփական տանիքը չունի 1170 ադրբեջանահայ ընտանիք: Նրանց բնակարանի հարցը լուծելու համար Կառավարությունը քանի տարի է գումարներ չի կարողանում հայթայթել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG