Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ասում է, որ իր հասցեին հնչում են սպառնալիքներ, սակայն ինքը չի կոտրվելու եւ գնալու է մինչեւ վերջ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե սպառնալիքները հնչում են մի կայքից, որի հիմնադիրն աշխատում է գործող նախագահի աշխատակազմում:

«Եթե ձեզ հաջողվեց ստիպել որոշ մարդկանց չառաջադրվել, ինձ չեք կարող: Այս ռեժիմը ամեն ինչ արել է, որ Հայաստանում վերանա ամեն ինչ: Արտագաղթը արագանալու է», - կանխատեսեց թեկնածուն:

Հարությունյանը նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեց նոր ընտրություններ հրավիրել, որին ինքը խոստանում է չառաջադրվել:

«Սերժ Սարգսյանից ընդամենը պահանջում եմ կամ խնդրում եմ, որ ինքն էլ չառաջադրվի եւ ստեղծի հավասար պայմաններ, ապահովի արդար ընտրություններ: Թող Հայաստանի չորրորդ նախագահը իրոք լեգիտիմ լինի», - հայտարարեց նա:

Լրագրողների հետ հանդիպման նպատակն էր նաեւ անդրադառնալ նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի երեկվա հայտարարությունը: Հայրիկյանը կոչ էր արել բոլոր թեկնածուներին, այդ թվում նաեւ գործող նախագահին հանել իրենց թեկնածությունը եւ աջակցել իրեն:

Հարությունյանը իր հերթին կոչ արեց Պարույր Հայրիկյանին հանել իր թեկնածությունը եւ միանալ իրեն:

«Դու կենդանի լեգենդ ես, մի խառնվի էդ վայրի ցեղերին», - ասաց նա:

Այս թեկնածուն ավելի վաղ նախագահի մյուս թեկնածուներին առաջարկում էր հանել իրենց թեկնածությունները` թողնելով Սերժ Սարգսյանին միայնակ: Այսօր նա այդ մասին չակնարկեց:

Հարությունյանն ասում է, որ այսօր չկա այն ընդդիմադիր թեկնածուն, որ կհավաքի ձայների մեծամասնությունը. - «Այդ ընդդիմադիր թեկնածուն եթե կա, ապա ես եմ», - հավելեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ իր կուսակցությունը չմասնակցեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ այն ժամանակ բավարարվեց ասելով, թե հանդես կգա հաշտարարի դերում, Հարությունյանը պատասխանեց. - «Երկրի վիճակը շատ ավելի վատ է, ու ես հասկանում էի, որ մի մանդատի խնդիր ես չեմ ուզում լուծել: Իմ նպատակը, հազար ներողություն, իշխանություն վերցնելը կամ չվերցնելը չէ, իմ նպատակն է, ով մենք ապրենք նորմալ երկրում»:

Հարությունյանը վերջերս մի առիթով իր համակրանքն էր հայտնել երկրորդ նախագահին` ասելով, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, մի շարք սխալներով հանդերձ, երկրի տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է եղել, արտաքին քաղաքականության ոլորտում եւս արձանագրվել են հաջողություններ: Սակայն արդեն այսօր, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարեւորո՞ւմ էր Քոչարյանի մասնակցությունը այս ընտրություններին, Հարությունյանը ասաց. - «Ես հիասթափված եմ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, որովհետեւ պարզվում է, որ մեր առաջին եւ երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները: Մեկը պարզեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ պարզեց, որ 68 տարեկան է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ծրագրով է ներկայանալու հանրությանը, Հարությունյանը առանձնացրեց երկու կարեւոր կետ` պետք է ընդունվի օրենք ընդդիմության մասին, քանի որ այն այսօր պաշտպանված չէ եւ նաեւ ընտրական նոր համակարգի ներդրում, որտեղ ժողովուրդը նախագահ կընտրի ոչ թե «դեմ/կողմ» քվեարկելով, այլ միավորներ բաշխելով:

«Այս դեպքում կեղծելը կլինի շատ դժվար: Հավանականությունը, որ երկու հոգի նույն ձեւով կքվեարկեն, հավասար է մեկը բաժանած հնգանիշ թվի վրա», - վստահեցրեց նա:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG