Մատչելիության հղումներ

«Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի ռազմաբազան»


Ռուսաստանյան արտադրության ՄիԳ-29 ռազմական օդանավը թռիչքի ժամանակ

Ռուսաստանյան արտադրության ՄիԳ-29 ռազմական օդանավը թռիչքի ժամանակ

«Նեզավիսիմայա գազետա»-ի վկայությամբ` Մոսկվան բարձրացնում է իր զինված ուժերի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի իր դաշնակիցների մարտունակությունը:

Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի ռազմաբազան՝ ղարաբաղյան խնդրի հնարավոր սրացումը ստիպում է Մոսկվային պայմանագրային ծառայողներ ուղարկել տարածաշրջան, այսօր գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Ռուսական պարբերականի հաղորդմամբ, Մոսկվան այժմ բարձրացնում է իր զինված ուժերի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի իր դաշնակիցների մարտունակությունը: «Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բացի, որոնց հետ Ռուսաստանն ընդհանուր սահման ունի, հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ Հայաստանում գտնվող ռուսական ուժերին», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Թերթի տեղեկություններով, մասնավորապես, նախագահ Պուտինի կարգադրությամբ՝ Ռուսաստանի կառավարությունն այժմ արագացված կարգով Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է պատրաստում, մինչդեռ պաշտպանության նախարարությունը օրեր առաջ արդեն ավարտել է Գյումրիում տեղակայված ռուսական կայանի համալրումը նոր պայմանագրային զինծառայողներով. - «Վեց ամսվա ընթացքում նրանց թիվը կրկնապատկվել է, ընդ որում, ռազմաբազայի հիմնական կազմի թվաքանակը մնացել է անփոփոխ՝ մոտ 5 հազար զինվոր, ավելացել են միայն պայմանագրայինները»:

«Փաստացի, Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի բոլոր զորամասերը եւ ստորաբաժանումները, հատկապես՝ հակաօդային, հետախուզական ստորաբաժանումները, համալրված են արհեստավարժ մասնագետներով», - գրում է ռուսական թերթն ու մանրամասնում. - «Ռազմական փորձագետների խոսքով, 102-րդ ռազմաբազան արագացված կարգով պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու որոշումը պայմանավորված է այս տարածաշրջանում աշխարհքաղաքական իրադրության հնարավոր կտրուկ վատթարացմամբ, ինչը վտանգավոր է Ռուսաստանի եւ դաշնակից երկրների համար»:

Հոռետեսական սցենարների թվում նշվում են թե՛ ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսումը, թե՛ Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Իրանի դեմ:

«Կմասնակցի արդյոք ռուսական զորախումբը Հայաստանի դեմ ագրեսիան հետ մղելու հնարավոր մարտական գործողություններին՝ քաղաքական հարց է, սակայն միանշանակ է, որ մեր ռազմակայանը այստեղ պետք է լինի մարտունակ, պատրաստված այդ թվում՝ խաղաղարար առաքելության», - թերթի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը:

Ասվածն ապացուցելու համար գեներալը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթը, որտեղ նա հայտարարել էր, թե քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, Բաքուն պատրաստ է պայքարել Հայաստանի դեմ հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական: «Սրանք փուչ խոսքեր չեն, քանի որ Ալիեւի հայտարարությունների համաձայն` Ադրբեջանի բյուջեն 3.7 միլիարդ դոլար է կազմում, ինչը էականորեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: Վերջին հինգ տարիների ընթացքում Բաքվի ռազմական ծախսերը ավելացել են ավելի քան տասն անգամ, սա ռազմական ծախսերի բավական բարձր մակարդակ է եւ անուղղակիորեն վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների», - ասել է ռուս գեներալը:

Շարունակելով թեման՝ «Նեզավիսիմայա գազետա»-ն փաստում է, որ Ռուսաստանը ոչ միայն կատարելագործում է Հայաստանում գտնվող իր ռազմակայանը, այլեւ ակտիվացնում է ռազմատեխնիկական հարաբերությունները դաշնակից այդ պետության հետ:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից թերթին հայտնել են, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատրաստվող նոր փաստաթղթով նախատեսվում է հիմնել համատեղ պաշտպանական ձեռնարկություն, ինչպես նաեւ կենտրոններ՝ սահմանապահներ եւ արտակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստելու համար:

«Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք է Ռուսաստանի աջակցությամբ հիմնի որոշ սպառազինությունների եւ զրահատեխնիկայի արտադրություն, ինչպես նաեւ ստեղծի տեղական «նորոգման կենտրոն»՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի եւ հակահրթիռային պաշտպանության կայանների համար», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն եւ տեղեկացնում, որ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հաջորդ ամսվա սկզբին:

«Մեկնաբանելով նոր փաստաթղթի ստորագրումը՝ փորձագետ, Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը ասել է. - «Մինչեւ վերջերս տարօրինակ դրություն է՝ Հայաստանը մեր դաշնակիցն էր, իսկ մենք Ադրբեջանին էինք զենքով սնում, հիմա ուզում եմ հույս ունենալ, որ այս նոր փաստաթղթի օգնությամբ հավասարակշռությունը կվերականգվի: Մենք գիտենք, մասնավորապես, որ ադրբեջանցիները հրաժարվել են երկարաձգել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման պայմանագիրը՝ Կրեմլի համար ընդունելի պայմաններով, եւ որ Ռուսաստանն այժմ ստիպված է այլընտրանքներ փնտրել»:

Փորձագետը, միաժամանակ, նշել է, որ ակտիվացնելով հարաբերությունները Հայաստանի հետ՝ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG