Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ում միջուկային փորձաքննության լաբորատորիա բացվեց


Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի էներգետիկայի նախարարության ու Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին այսօր ներկա է գտնվել միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ):

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը:

Լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար:

Լաբորատորիան Հայաստանի համար կստեղծի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն:

Բացի այդ, այս կառույցի միջոցով աշխատանքներ կկատարվեն անցած տարի Հարավային Կորեայում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ քննարկված` 2010 թվականի Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների պլանն առաջ տանելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG