Մատչելիության հղումներ

Երկօրյա այցով Երեւան այցելած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, գնահատելով նախընտրական միջավայրը, մի շարք մտահոգություններ է հայտնում:

Այսօր ուշ երեկոյան հանդես գալով ամփոփիչ հայտարարությամբ` դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթը հայտարարեց, թե Վեհաժողովի պատվիրակություն հիմնական մտահոգության առարկան ընտրացուցակների շարունակական էական անճշտություններն են, քանի որ ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն են։

«Դեռեւս հստակություն չկա արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Պատվիրակությունը նաեւ հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել», - նշեց Վոլդսեթը։

ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում արձանագրում է նաեւ, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ո՛չ էլ վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ։ Դիտորդական առաքելության գնահատմամբ, դա լուրջ մտահոգության առարկա է, հատկապես հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են չանել դա` ընտրությունների ընթացքի նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով։

«Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը` բերելով առավել ցավալի իրավիճակի, քանի որ առաջիկա ընտրություններն արդեն իսկ ստվերված համընդհանուր անտարբերությամբ եւ անվստահությամբ», - ընդգծեց պատվիրակության ղեկավար Կարին Վոլդսեթը` հորդորելով իշխանություններին վերականգնել քաղաքացիների վստահությունը:

Դիտորդական առաքելությունը նաեւ հույս է հայտնում, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արդեն իսկ քննադատության ենթարկված խնդիրները շտկվել են այնպես, որ նման երեւույթներն այլեւս չկրկնվեն: Ըստ պատվիրակության, խոսքը մասնավորապես ընտրողների նկատմամբ սպառնալիքների եւ վարչական ռեսուրսի զանգվածային օգտագործման դեպքերի մասին է: Միեւնույն ժամանակ դիտորդները ողջունում են Հայաստանի իշխանությունների մտադրությունը` անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Հայտարարությունում գոհունակությամբ նշվում է մամուլի ազատության աճի, 2011 թվականին ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումների մասին` շեշտելով, սակայն, որ օրենսգրքի արդար եւ պատշաճ կիրառումը նույնքան կարեւոր է, որքան օրենսգիրքն ինքը:

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք կուսակցություններ բարձրաձայնեցին ընտրակաշառք բաժանելու զանգվածային դեպքերի մասին, դիտորդական խմբի ղեկավարն ասաց. - «Իհարկե մենք դեմ ենք ընտրակաշառքին, մեզ էլ են հասել դրա մասին խոսակցությունները: Հարցը քննարկել ենք ոստիկանության ներկայացուցիչների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Հուսանք, որ դա այլեւս չի կրկնվի»:

Անդրադառնալով խորհդարանական երեք ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի որոշմանը՝ չմասնակցել նախագահական ընտրություններին, պատվիրակության անդամները շեշտեցին, որ այդ որոշման հետեւում կարող են լինել քաղաքական կամ ռազմավարական նպատակներ, բայց այս փուլում իրենց համար առավել կարեւոր է եղել հորդորել քաղաքական ուժերին, որպեսզի նրանք զերծ մնան քվեարկողներին ընտրությունները բոյկոտելու կոչեր անելուց: Քվեարկության մասնակցելը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է, մեկնաբանեցին դիտորդները:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Երկօրյա այցի ընթացքում պատվիրակության հինգ անդամները հանդիպել են նախագահի բոլոր թեկնածուների, այդ թվում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակի եւ խմբակցությունների ղեկավարների, ոստիկանապետի, գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի հետ, քննարկում են անցկացրել մամուլի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի եւ Երեւանում հավատարմագրված դիվանագետների հետ:

ԵԽԽՎ պատվիրակության ողջ կազմը` բաղկացած 22 դիտորդներից, Երեւան է ժամանելու ընտրություններից մի քանի օր առաջ` դիտարկելու բուն ընտրական փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG