Մատչելիության հղումներ

Տասներկու ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ Տաջիկստանի իշխանությունները հերթական անգամ պահանջում են երկրում արգելափակել Ֆեյսբուք սոցիալական ցանցը։

Տաջիկստանի կապի ծառայությունը ինտերնետ պրովայդերներից պահանջել է արգելափակել նաեւ ԱՄՆ կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա / Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը, որը հատկապես ակտիվորեն լուսաբանում էր Տաջիկստանում Ֆեյսբուքի արգելափակումը։

Չնայած այն հանգամանքին, որ Տաջիկստանը Խորհրդային միության նախկին հանրապետությունների շարքում ունի ինտերնետի ամենացածր թափանցելիությունը, այստեղ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին ինտերնետի խիստ վերահսկողություն է ակնկալվում։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկիրը կառավարում է շուրջ քսան տարի եւ հեշտությամբ կարող է պահել նախագահական աթոռը, սակայն այդ երկրի իշխանավորները բավականին ծանր են տանում երկրում այլընտրանքային կարծիքի, ընդդիմադիր տրամադրությունների ցանկացած դրսեւորում։

Անցած ամիսներին, երբ հերթական անգամ արգելափակվեցին Ֆեյսբուքն ու «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության կայքէջը, այդ երկրի կապի ծառայության պետ Բեգ Զուհուրովը պարզաբանել էր, որ սոցցանցն արգելափակվել է, քանի որ նրանում հրապարակվում են պետության ղեկավարության հասցեին ուղղված վիրավորանքներ։ BBC-ի հետ զրույցում Զուհուրովը հայտարարել էր, որ կցանկանար հանդիպել Մարկ Ցուկերբերգին։
«Այդ Ֆեյսբուքն ընդհանրապես տեր ունի՞, թե՞ ոչ։ Նա չի՞ կարող գալ Տաջիկստան։ Ես նրա հետ կհանդիպեի։ Եթե նա ժամանակ չունի, կարելի է խոսել նրա օգնականներից մեկի հետ»,- ասել էր տաջիկ պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG