Մատչելիության հղումներ

ԼՂ կարգավորումը` ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ուկրաինայի ուշադրության կենտրոնում


Այս տարվա սկզբից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Ուկրաինան: Այսօր Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան Վիեննայում ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի առաջ ներկայացրել է այն առաջնահերթություններն ու ծրագրերը, որ իրականացվելու են Ուկրաինայի նախագահությամբ: Որպես գլխավոր առաջնահերթություն` Ուկրաինայի արտգործնախարարը նշել է երկարատեւ հակամարտությունների կարգավորմանը նպաստելը:

«Ուկրաինան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացի արդեն գործող ձեւաչափերին», - ասված է Ուկրաինայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Իր հայտարարության մեջ Կոժարան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է ԵԱՀԿ շարունակական եւ ակնդետ ուշադրությունը եւ ընդգծել, որ Ուկրաինան կաջակցի Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության շուրջ բանակցությունների վերաակտիվացման նպատակով:

«Մենք կարծում ենք, որ երկարատեւ հակամարտությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանում կայունությանը, քաղաքական լուծում գտնելու հարցում աջակցությունը կողմերին պետք է բարձրագույն առաջնահերթություն լինի ԵԱՀԿ համար», - շեշտել է Ուկրաինայի արտգործնախարարը` հավելելով, թե այս առումով կարեւորվում է նաեւ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ու անվտանգության կառուցման միջոցառումների ուժեղացումը:

Էներգետիկ անվտանգությունը, մարդկանց առեւտրի դեմ պայքարը եւ խոսքի ազատության պաշտպանությունը եւս այն առաջնահերթությունների թվում է, որ նշել է Ուկրաինայի արտգործնախարարն իր ելույթի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG