Մատչելիության հղումներ

Ձյունառատ ձմեռը նաեւ դրական կողմեր ունի


Այս տարվա բավականին ցուրտ ու ձյունառատ ձմեռը, թեեւ որոշակի բարդություններ է առաջացնում հատկապես միջհամայնքային ճանապարհների անցանելիության առումով, բարենպաստ է գյուղատնտեսության համար:

«Մարզի բոլոր տարածքներում ձյան ծածկույթը բավականին հաստ է` ամենաքիչը 20 սմ, որը, բնականաբար, անգամ եթե մինուս 25-30 աստիճան ցուրտ լինի, խնդիր չի առաջանա: Եթե ձյունաբուքը, ձյունը ինչ-որ ճյուղի վնասում է, գյուղատնտեսության համար ամենաբարենպաստը դա է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Նրա խոսքով` ձյան ծածկույթը պաշտպանում է աշնանացանը ցրտահարությունից, իսկ առատ ձյունը նպաստում է ջրամբարներում ջրի կուտակմանը:

«Այսօր Արփա լճում ընդամենը 10 մլն խորանարդ մետր ջուր ունենք: Այսինքն` գրեթե մեռյալ ծավալ, որ ոչ մի տարի չէր եղել: Սառնաղբյուրը լրիվ դատարկ է, Վարդաքարը լրիվ դատարկ է, Մանթաշը գրեթե դատարկ է` միայն խմելու ջրի համար է պահպանված: Եվ այս ձնառատ տարին միանշանակ այս ուղղությամբ մեծ օգուտ բերեց մեզ», - նշեց նա:

Մանուկյանն անդրադարձավ նաեւ մարզի գյուղատնտեսության խնդիրներին` առանձնացնելով նոր կոմբայնների ձեռքբերման անհրաժեշտությունը. - «Մեր մարզի հիմնական պրոբլեմը ոչ թե տրակտորներն են կամ գյուղգործիքները, այլ հացահատիկահավաք կոմբայնները: Մենք բերքի շատ կորուստ ենք ունենում: Կոմբայնների պարկի թարմացում է անհրաժեշտ: Դա միանշանակ ռեալ ազդեցություն կթողնի մարզում արտադրված հացահատիկի համախառն բերքի վրա: Մենք հիմա արտադրել ենք 100 հազար տոննա: Եթե անգամ կոպիտ հաշվարկով հաշվենք, որ 15 տոկոս կորուստ է, դա 15 հազար տոննա է` Վայոց Ձորի կամ Տավուշի մարզերի չափ արտադրած հացահատիկ»:

Նրա փոխանցմամբ, այս տարվա աշնանացանի ցուցանիշը մոտեցել է ռեկորդային ցուցանիշի` գրեթե 23 հազար հեկտար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG