Մատչելիության հղումներ

Այս տարի փակվելու է «Մասկի» ծրագիրը


Հայաստանի քաղաքացիների համար Միացյալ Նահանգներում մագիստրոսի աստիճան ստանալու հնարավորություն ընձեռող ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Մասկի» ծրագիրը, որը Հայաստանում գործում է 1992 թվականից, պետդեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, 2013-ին ծրագիրը կփակվի:

Թեեւ Հայաստանի քաղաքացիներին ԱՄՆ-ում ուսանելու հնավորություն տվող այլ կրթաթոշակներ էլ կան, բայց «Մասկի»-ն դրանցից ամենահարմարն էր, քանի որ հոգում էր ուսանողի կրթության եւ կացության բոլոր ծախսերը: Ծրագիրը ամեն տարի տարի ֆինանսավորում էր 8-10 դիմորդների:

«Դա բյուջեի հետ կապված հարց է, բյուջեն կրճատվում եւ վերանայվում է: Սա մշտական փոփոխություն չէ, բայց այդ վերանայման արդյունքում, ցավոք սրտի, փակվեց ծրագիրը», - ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Ջեյ Թրիլորը:

Ծրագիրը փակվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային բոլոր երկրներում:

«Մասկի» ծրագիրը Հայաստանում եւ մյուս երկրներում իրականացնում էր IREX գրասենյակը, որի տնօրեն Արինա Զոհրաբյանը որեւէ տեղեկություն չունի, թե ինչու է փակվում ծրագիրը եւ չգիտի՝ այն առաջիկա տարիներին կվերականգնվի՞, թե՞ ոչ:

«Ծրագրի ուսանողները գրեթե 100 տոկոսով վերադառնում են հայրենիք: Մենք միշտ ասում ենք, որ մեր հարստությունը մարդկային ռեսուրսն է, եւ կրթված մարդը, որը կարող է տարածել իր գիտելիքները, իր փորձն ու մշակույթը, շատ կարեւոր է», - ասում է ծրագրի շրջանավարտ Ծովինար Նազարյանը, ով ծրագրի դադարեցումը համարում «հետընթաց քայլ մեր կյանքում»:

1992 թվականից ի վեր այս ծրագրի շնորհիվ ԱՄՆ-ում կրթություն են ստացել ավելի քան 400 հայաստանցիներ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG