Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի․ Փանջիկիձեի հայտարարության հարցը սպառված է


Հայաստան -- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) օդանավակայանում դիմավորում է Վրաստանի իր գործընկեր Բիձինա Իվանիշվիլիին, Երեւան, 17-ը հունվարի, 2012թ․

Հայաստան -- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) օդանավակայանում դիմավորում է Վրաստանի իր գործընկեր Բիձինա Իվանիշվիլիին, Երեւան, 17-ը հունվարի, 2012թ․

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր բավական կոշտ արձագանքեց արտգործնախարար Մայա Փանջիկիձեի աղմկահարույց հայտարարությանը վերաբերող հարցին։

Հայաստանցի գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իվանիշվիլիին հարցն ուղղեց վրացի լրագրողը «Ռուսթավի» հեռուստաընկերությունից։

«Այդ հարցն արդեն սպառված է, ամեն ինչ պարզ է, մանավանդ ձեր հեռուստաընկերությունն արդեն անդրադարձել է այդ հարցին: Այդ հարցն աղավաղվել է: Դրա շուրջ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց հենց «Ռուսթավի» հեռուստաընկերությունը: Այսօր կրկին նույն հեռուստաընկերությունը բարձրացնում է այդ հարցը», - ասաց Վրաստանի վարչապետը։

Հայաստանի վարչապետը պատասխանելով նույն հարցին` շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար:

«Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի շուրջ հայտարարությունները հաճախ աղավաղվում են», - ընդգծեց Տիգրան Սարգսյանը, - «Մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին՝ այդպիսի աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքելու համար, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը»:

Տիգրան Սարգսյանի խոսքից հետո Իվանիշվիլին հարկ համարեց շարունակել թեման` հայտարարելով, թե ղարաբաղյան հակամարտության թեման Բաքվում քննարկել է Իլհամ Ալիեւի հետ, եւ այսօր Հայաստանի վարչապետին է փոխանցել Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը։

«Ես մանրամասն չեմ ցանկանում խոսել այդ հարցի մասին, այն իրոք շատ ծանր է, եւ ինչպես երեւում է՝ մոտ ապագայում այդ հարցի լուծումը շատ դժվար է լինելու: Իմ ցանկությունն է, որ այդ հարցն անպայման կարգավորվի խաղաղ ճանապարհով», - մասնավորապես, ասաց Վրաստանի վարչապետը։

Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու Վրաստանում ապրող հայերի` մասնավորապես ջավախահայության համար, Բիձինա Իվանիշվիլին նախ շնորհակալություն հայտնեց հայ համայնքին խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցությանը ձայն տալու համար։

«Հիմա գնդակը մեր կողմն է. ինչ-որ ես ասել եմ նախընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ: Մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունն զգա, որ ապրում է իր սեփական երկրում: Ես ամեն ինչ կանեմ հասարակության մեջ ինտեգրացիայի համար եւ ուզում եմ կրկնել, որ կիրականացնեմ այն, ինչ ասել եմ նախընտրական շրջանում», - հավելեց նա։

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները այսօր բարձրաձայնեցին միասնական տնտեսական շուկա ստեղծելու նախաձեռնության մասին, անդրադարձան նաեւ Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերականգնման հնարավորությանը։ Բիձինա Իվանիշվիլին խնդիրը կապեց բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների հետ` պնդելով, թե այստեղ քաղաքական կամք է պետք։

«Վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել, հաջորդ կողմը Ռուսաստանն է: Գիտեք նաեւ, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք նաեւ մեր եղբայների՝ աբխազների հետ, մնում է, որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար», - նշեց Բիձինա Իվանիշվիլին։
XS
SM
MD
LG