Մատչելիության հղումներ

Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա


Գազային հանքավայրը Ալժիրում, որտեղ իսլամիստները պատանդառել են 41 մարդու

Գազային հանքավայրը Ալժիրում, որտեղ իսլամիստները պատանդառել են 41 մարդու

Իսլամիստ ծայրահեղականները հաստատում են, որ գերեվարել են 41 մարդու։

Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում:

Հիշեցնենք՝ նախօրեին իսլամիստ ծայրահեղականները հարձակում էին գործել գազային հանքավայրերից մեկի վրա եւ պատանդ վերցրել տասնյակ օտարերկրացիների: Գրոհայիններն այժմ հաստատում են, որ գերեվարել են մոտ 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների:

«Բանակցություններ սկսելու համար մենք պահանջում ենք դուրս բերել Ալժիրի զինված ուժերը հանքավայրի տարածքից», - «Ալ-Ջազիրա»-ին ասել է զինյալներից մեկը:

Վերջինս նաեւ պնդել է, թե ալժիրցի դիպուկահարները կրակ են բացել այն տարածքում, որտեղ գերիներն են պահվում, ինչի արդյունքում նրանցից մեկը՝ ենթադրաբար՝ Ճապոնիայի քաղաքացի, վիրավորվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայտնի է, որ երկրի արեւելքում՝ Լիբիայի հետ սահմանին իրականացվող «Ին Ամենաս» ծրագրին մասնակցում են մի շարք հեղինակավոր ընկերություններ, այդ թվում՝ British Petroleum-ը եւ նորվեգական Statoil-ը։ BBC-ի հաղորդմամբ` գրոհայինները պահանջում են ավարտել հարեւան Մալիում իրենց համախոհների՝ իսլամիստ գրոհայինների նկատմամբ սկսված «ֆրանսիական» հարձակումը: «Այս քայլով մենք նաեւ վրեժխնդիր ենք լինում Ալժիրի կառավարությունից, որը համաձայնեց բացել օդային տարածքը ֆրանսիական ռազմական օդուժի համար», - հայտարարում են նրանք:

Ալժիրի կառավարությունը պնդում է, թե մշտական դիվանագիտական կապ է պահպանում այն երկրների հետ, որոնց քաղաքացիները գերի են դարձել հանքավայրում:

Հայաստանի արտգործնախարարությունը առայժմ այս տեղեկությունը որեւէ կերպ չի մեկնաբանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG