Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան մերժում է սահմանը բացելու առաջարկը


Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալ, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալ, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը ասել է, թե թուրքերն ինքնուրույն են լուծում մարդասիրական օգնության հարցը։

Պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում որդեգրած դիրքորոշումը։

Վերջերս Սպիտակ տան կայքէջում կազմակերպվել է սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրին դարձնելու համար հայ - թուրքական սահմանը բացելու կոչով ստորագրահավաք։

«Թուրքիան ըստ ամենայնի աջակցում է Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռի փոխադրումներին», - արձագանքելով ստորագրահավաքին` գրել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը։

Hurriyet-ում հրապարակված նրա գրավոր հայտարարությունում ասվում է, որ Թուրքիան ինքնուրույն է որոշում մարդասիրական ասպարեզում այս կամ այն հարցը քննարկելու, լուծելու ձեւը, պայմանները եւ մեթոդները։

Ունալի հայտարարությունում ասվում է, որ Թուրքիան օգնում է մարդկանց` նկատի չառնելով նրանց կրոնը, լեզուն, ռասայական եւ ազգային ծագումը։ Նախնիներից ժառանգած այդ մոտեցման հիմքում կարեկցանքի եւ խղճի սկզբունքն է։

Նախարարությունը հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել երկրաշարժերից հետո, ավելին, Թուրքիան արագացրել է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայերին։

Այսօրվա դրությամբ Սիրիայի ավելի քան 150 հազար քաղաքացի է ապաստան գտել Թուրքիայում, նրանց ներս թողնելիս թուրքերը չեն հարցրել այդ մարդկանց կրոնը, կամ ազգությունը։ Hurriyet պարբերականի փոխանցմամբ` մեծ թվով սիրիահայեր հենց Թուրքիայի տարածքով են հասել Հայաստան։

Արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը թերթին ասել է, որ Սպիտակ տան կայքէջի միջոցով կազմակերպված ստորագրահավաքի նպատակը «սոսկ քաղաքական է, իսկ դրա բովանդակությունը չի համապատասխանում իրական վիճակին»։

«Լքելով Սիրիան` ցանկացած սիրիահայ հանգիստ կարող է Հաթայից օդանավով մեկնել Հայաստան», - ասել է Ունալը։

Սպիտակ տան կայքէջում տեղադրված այս կոչին ընթացք տալու համար անհրաժեշտ է մինչեւ փետրվարի 4-ը հավաքել եւս 24321 ստորագրություն` այսօրվա դրությամբ հավաքվել է 679 ստորագրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG