Մատչելիության հղումներ

Կուսակցությունները նախագահներ եւ քարտուղարներ կունենան ընտրատեղամասերում


Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Խորհրդարանում խմբակցություններ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հունվարի 19-ից 24-ը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների թեկնածությունները: Սա ԿԸՀ երեկվա որոշման պահանջն է:

Նախագահի գալիք ընտրություններին Հանրապետական կուսակցությանը բաժին է ընկնում 884 ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահի եւ նույնքան քարտուղարի պաշտոն, «Բարգավաճ Հայաստանը» նախագահ եւ քարտուղար կունենա 619 ընտրատեղամասային հանձնաժողովներում: Հայ ազգային կոնգրեսին տրամադրվում է 155 նախագահի եւ նույնքան քարտուղարի տեղ: Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցություններից յուրաքանչյուրը կարող է ունենալ տեղամասային ընտրական հանձնաժողովի 110 նախագահ եւ նույնքան քարտուղար:

Նախագահի թեկնածություն չառաջադրած Հայ ազգային կոնգրեսը, որը առաջին անգամ պետք է ունենա ներկայացուցիչներ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոններում, առայժմ չի շտապում կազմել թեկնածուների ցանկը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով, այդ հարցը դեռ չի քննարկվել:

Հայ ազգային կոնգրեսի անդամ եւ նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Վարդան Մարգարյանն ասաց, որ առայժմ հարցը Կոնգրեսի հետ կարգավորելու կապակցությամբ քայլեր չեն ձեռնարկել։

Այլ իրավիճակ է Հանրապետական կուսակցությունում: Հանրապետական Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ կուսակցությունը հանձնաժողովի նախագահների եւ քարտուղարների ցանկը վաղուց է հստակեցրել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին զարմացրեց «Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների թեկնածուների պատրաստի ցանկ ունե՞ն։

«ԿԸՀ-ն նիստը նոր է անցկացրել», - պարզաբանեց նա։

Հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների հարցն առավելապես ուշագրավ է 2008-ի նախագահի ընտրությունների ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչների գործելակերպի շնորհիվ: Հիշեցնենք՝ մի քանի ընտրատեղամասերում նախագահի պաշտոնները Հանրապետականին անցնելուց հետո որոշ կուսակցականներ հեռացվել էին «ժառանգությունից»:

«Բնականաբար, մենք աչալուրջ ենք լինելու, որ Րաֆֆի Հովհանիսյանի ստացած քվեները որեւէ ձեւով շեղում չարձանագրվեն», - այսօր մեզ հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ - «Ես կարծում եմ նույնիսկ հանձնաժողովի նախագահների տեղը մենք ամբողջությամբ պետք է որ ծածկենք»։

Հայ հեղափոխական դաշնակցություն խորհրդարանական խմբակցության Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Արտակ Աղբալյանի խոսքով՝ Դաշնակցությունը դեռ մեկ ամիս առաջ է ճշտել հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների ցանկը:

Դաշնակցությունը բացառո՞ւմ է գործարք՝ հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների հետ կապված: Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց՝ բոլոր դաշնակցականներն առաջնորդվելու են Գերագույն մարմնի որոշմամբ:

Նախընտրական պատրաստություններին զուգահեռ վերլուծաբանները կանխորոշված են համարում ընտրությունների ելքը:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի համոզմամբ, փետրվարյան ընտրություններին տեղի է ունենալու «նկարչություն»:

«Այս անգամ կեղծվելու են նույնիսկ ընդդիմադիր որեւէ գործչի թվերը․ երկրորդ տեղում կհայտնվի կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանը, կա՛մ Հրանտ Բագրատյանը, որպեսզի Արեւմուտքին ցույց տան, որ Հայաստանում մրցակցություն գոյություն ունի», - նշում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG