Մատչելիության հղումներ

logo-print

Օքրուաշվիլի. «Սաակաշվիլին խաթարեց Վրաստանի քաղաքական հավասարակշռությունը»


Վրաստան - Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին Թբիլիսիի դատարանի դահլիճում, նոյեմբեր, 2012թ.

Վրաստան - Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին Թբիլիսիի դատարանի դահլիճում, նոյեմբեր, 2012թ.

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին մերձավոր զինակից Իրակլի Օքրուաշվիլին առաջին անգամ բանտից ազատ արձակվելուց հետո հարցազրույց է տվել Reuters գործակալությանը` ասելով, որ տեսանելի ապագայում քաղաքականություն չի վերադառնալու:

Խոսելով 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո ստեղծված իրադրության մասին` նա Վրաստանում առկա պրոբլեմների մեծ մասի մեղքը բարդել է իր նախկին ընկերոջ` նախագահ Սաակաշվիլիի ուսերին:

«Նա խաթարեց երկրում առկա քաղաքական հավասարակշռությունը, երկրի քաղաքական ողջ համակարգը, նա փաստացի արգելքի տակ դրեց այլակարծությունը, նրա օրոք քաղաքական համակարգը զարգանալու որեւէ հնարավորություն չուներ: Սաակաշվիլին զրկեց ընդդիմությանը գոյատեւման որեւէ հնարավորությունից` օգտագործելով կառավարական ողջ ապարատը ընդդիմախոսների դեմ», - համոզված է Օքրուաշվիլին:

Միաժամանակ, Վարդերի հեղափոխության առաջնորդներից մեկը չի ժխտում, որ 2003 թվականից հետո վրացական իշխանությունները որոշակի հաջողությունների հասել են, որոնք սակայն, նրա համոզմամբ, հետագայում պատճառ դարձան, որ Սաակաշվիլիի ողջ թիմը` այդ թվում եւ ինքը` Օքրուշավիլին, կորցնեն իրականության զգացումը:

«Կոռուպցիայի վերացումը, Աջարիայի վերադարձը, բանակում եւ ոստիկանությունում իրավիճակի որոշակի բարելավումը` այս ամենից հետո մեզ սկսեց թվալ, թե մենք գերբնական ուժով օժտված, կարծես աստղերից երկիր իջած կերպարներ լինենք: Հիմնական սխալը, կարծում եմ, հենց այդտեղից էր սկիզբ առնում», - ասում է Օքրուաշվիլին:

Գնահատելով վրաց - ռուսական հարաբերություններում հոկտեմբերի 1-ի ընտրություններից հետո ստեղծված վիճակը` Օքրուաշվիլին պնդում է, թե Ռուսաստանը շարունակում է վտանգ ներկայացնել Վրաստանի ինքնիշխանության համար: Դրա հետ մեկտեղ, նախկին բարձրաստիճան պաշտոնյան բավական իրատեսական է գնահատում Վրաստանի նոր կառավարության` Մոսկվայի հանդեպ որդեգրած քաղաքականությունը:

«Հետեւելով Իվանիշվիլիի ուղերձներին` ես կարծում եմ, որ նա բավական հստակ պատկերացում ունի, թե ինչ կարելի է ակնկալել ռուսներից: Մեծ սպասելիքներ չկան, թե մեկ օրում կամ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է լուրջ բարելավման հասնել: Դրա հետ մեկտեղ, ես տեսնում եմ, որ Թբիլիսիից դրական ազդանշաններ են եղել, եւ այժմ պատասխանի հերթը Մոսկվայինն է», - հայտարարում է Օքրուշավիլին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG