Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահ. «Մենք շատ լավը չենք, բայց մեզանից լավը չկա»


ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առաջիկա նախագահական ընտրություններում մրցակցությունից դուրս է համարում Սերժ Սարգսյանին:

Լրագրողների հետ հանդիպմանը այս պնդմանը հետեւած հարցին, թե ինչու պիտի Սարգսյանը վերընտրվի` եթե նրա բազմաթիվ խոստումներ չեն կատարվել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. - «Նախ, մենք երբեւիցե չենք ասում, որ մենք շատ լավն ենք, որովհետեւ շատ լավը հարաբերական իմաստ է: Բայց մեզանից լավը չկա: Երբ մեզանից լավը կլինի, կգան-կշարունակեն»:

Իշխող կուսակցություն փոխնախագահը ասաց, թե «որեւէ մեկնություն չունի» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առիթով: Նշեց, այդուհանդերձ, որ հարգում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետները եւ չի պատրաստվում վերլուծել այն, որ երկրորդ նախագահը «տիկնիկային» է համարում քաղաքական մրցակցությունը, իսկ քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը` «քաղաքական մանրածախ առեւտուր»:

Այն մարդկանց, ովքեր վերլուծելով Քոչարյանի հարցազրույցը` դրանում հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն են տեսել, Սահակյանը խորհուրդ տվեց չանտեսել նոր սերնդի առկայությունը. - «Նոր սերունդ է աճել` նոր մտածողություն, նոր գաղափարներ, եւ դրանց հետ պիտի հաշվի նստել: Ենթադրել, թե հաջորդ նախագահը ով պիտի լինի, այս անգամ հնարավոր չէ»:

Գալուստ Սահակյանը փոխանցեց, որ կուսակցությունը որոշել է առաջիկա քարոզարշավի մարտավարությունը. ինչպես նախորդ երկու համապետական ընտրություններում, այս անգամ էլ հիմնական բեռն իր վրա կվերցնի Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ իրենց չեն վստահում, Սահակյանն արձագանքեց, որ իրենք էլ կունենան դերակատարություն. - «Քարոզչական խմբեր ունենք, որոնք տարածք առ տարածք, գյուղ առ գյուղ թաղամասերով քարոզչությամբ են զբաղվելու: Ինձանից սկսած` բոլորը: [Բայց] բանավեճերը եւ ասուլիսները, մենք ինչքան հնարավոր է նեղացնելու ենք այդ ճամբարը, որովհետեւ այդ դեպքում էլ արդեն ասում են` մոնիտորինգի տակ եք ընկնում, ձեզ ավելի շատ ցույց տվեցին»:

Ի պատասխան հարցին, թե կմասնակցի արդյոք Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածուների հեռուստատեսային բանավեճի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Բանավիճողները նույն կատեգորիայի, քաշի մարդիկ պիտի լինեն: Եթե այդ քաշը կա, [եթե] ժողովուրդը գտնում է, որ եւս նման քաշ գոյություն ունի, կարծում եմ, որ կարելի է քննարկել այդ հարցը»:

Անձամբ ինքը համարում է, որ այս պահին այդպիսի թեկնածու չկա:

Արձագանքելով շրջանառվող տեսակետին, թե քաղաքական դաշտն ամայացած է, ինչն ապացուցում է մրցակցության պակասը գալիք նախագահական ընտրություններում, Գալուստ Սահակյանն ասաց. - «Մենք մրցակիցներ ունենք: Մնում է հաջող աշխատեն եւ մրցակցությունն ապահովեն»:

Իշխող կուսակցության փոխնախագահը համաձայն չէ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունները բոյկոտելու պասսիվ ձեւ է ընտրել. Սահակյանի խոսքով` շատ ԲՀԿ-ականներ օգնելու են Սերժ Սարգսյանի վերընտրությանը:

«Տեղերում ոչ միայն «Բարգավաճ Հայաստան»-ը, այլեւ տարբեր կուսակցություններ իրենց կամոք փորձում են համագործակցության դաշտ ստեղծել: Բնական եմ համարում, որովհետեւ ընտրություններ են: Մենք էլ աշխատում ենք, որպեսզի ինչքան հնարավոր է մեր վերլուծությունները հասցնել բոլորին», - ասաց նա` հստակեցնելով, որ ՀՀԿ-ն համագործակցության եզրեր չի փնտրում. - «Մենք «էստի համացեք» կուսակցություն չենք»:

Սահակյանը ասաց, թե մինչեւ նախագահական ընտրությունները պաշտոնանկություններ, պաշտոնյաների վերադասավորություններ չեն լինի:

Հարցին, թե վերընտրվելու պարագայում հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը համագործակցության առաջարկ անի որոշ թեկնածուների, Սահակյանն արձագանքեց. - «Հենց բերեցիր կառավարություն, էլ ընդդիմադիր չէ: Իսկ մենք մտադիր չենք ընդդիմությունն իսպառ վերացնենք Հայաստանում, որովհետեւ դրա անհրաժեշտությունը, ցավով պիտի նշեմ, որ կա»:
XS
SM
MD
LG