Մատչելիության հղումներ

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն եւ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել: Այսօր այս մասին տեղեկացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը, Հայաստանի հեռարձակող լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները:

Նավասարդյանի խոսքով, սակայն, չի կարելի ասել, որ ԶԼՄ-ները ընտրողին պատշաճ կերպով օգնել են կողմնորոշվել:

«Հեռարձակվող լրատվամիջոցների ուշադրությունը ինչ-որ տեղ վատնվել էր այն քաղաքական գործիչների եւ ուժերի նկատմամբ, որոնք ի վերջո որեւէ ակնհայտ կամ պարզ դերակատարություն չունեն այս նախագահական ընտրությունների ժամանակ։ Խոսքը «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես եւ Դաշնակցություն կուսակցությունների մասին է», - մեկնաբանեց ԵՄԱ նախագահը։

Հետազոտության համաձայն, առաջադրված 8 թեկնածուներն արժանացել են լրատվամիջոցների ուշադրության միայն 40 տոկոսին: Ընդ որում, լուսաբանման ժամանակ ուշադրությունը ծրագրերի եւ գաղափարների վրա չէր, այլ առաջադրվել-չառաջադրվելու, առանձին կամ միասնական թեկնածուով հանդես գալու հարցերի շուրջ էր։

«Այսինքն, բովանդակային որեւէ բան, որը կարող էր հետք թողնել նախընտրական քարոզչության վրա, այդպիսի բովանդակություն մենք չենք տեսել», - այս առնչությամբ ասաց Բորիս Նավասարդյանը։

Քանի որ այս ընտրություններում քաղաքական ուժերը բավական ուշ կողմնորոշվեցին թեկնածուների առաջադրման հարցում, որպես մշտադիտարկման թիրախ 41 քաղաքացի է ընդգրկվել: Այսօր արդեն գրանցած 8 թեկնածուներից միայն Անդրիաս Ղուկասյանն այստեղ ընդգրկված չէ, քանի որ նշված ժամանակահատվածում նրա՝ նախագահի թեկնածու դառնալու մասին ակնարկ անգամ չի եղել: Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի առաջին կեսին հաճախացել են էպոսագետ Վարդան Սեդրակյանի եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հիշատակումները որպես հնարավոր թեկնածուներ: Հետազոտման ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է ՀՀ գործող նախագահի անունը:

Նկատելով, որ առաջին փուլի մշտադիտարկման ընթացքում գործադիր իշխանության ներկայացուցիչները ավելի մեծ ուշադրության են արժանացել լրատվամիջոցների կողմից, քան բոլոր քաղաքական կուսակցությունները միասին վերցված, Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները գոնե հունվարի 21-ից` քարոզարշավի մեկնարկից, պետք է հնարավորինս սահմանափակեն իրենց ակտիվությունը հանրային կյանքում, որպեսզի չստացվի այնպես, որ իշխանությունը ներկայացնող թեկնածուն եւ նրան սատարող քաղաքական ուժը մեծ առավելություն ունի:

Մամուլի ակումբը մշտական կապ է ունենալու 8 թեկնածուների շտաբերի հետ` պարզելու չունե՞ն արդյոք դժգոհություններ ԶԼՄ-ների աշխատանքից: Մեկ թեկնածուի դժգոհություն արդեն լսել են՝ խոսքը նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի մասին է:

«Մենք անպայման կստուգենք եւ կներկայացնենք, իրո՞ք այդ թեկնածուի նկատմամբ ինչ-որ հատուկ քաղաքականություն է վարվում։ Համենայնդեպս, մենք մինչ այսօր դա չենք նկատել», - նշեց Նավասարդյանը։

Հետազոտության օբյեկտ են հանդիսանում Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Շանթ» եւ «Արմնյուզ» հեռուստաալիքները, Հանրային ռադիոն եւ «Ռադիո 107 ՖՄ» ռադիոալիքը: Մշտադիտարկման երկրորդ փուլն ընդգրկելու է պաշտոնական նախընտրական քարոզչությունը:
XS
SM
MD
LG