Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրությունները` ընտանեկան վեճերի պատճառ


Նախագահական ընտրություններին ընդառաջ բանավեճերն ակտիվանում են նաեւ գյուղական ընտանիքներում:

Արմավիրի մարզի Գայ գյուղի ընտանիքներից մեկում տարեց ամուսինները ընտրությունների վերաբերյալ հակադիր կարծիքներ ունեն: 73-ամյա Սոս Առաքելյանն ասում է, որ ինքը Հանրապետական կուսակցության կողմնակիցն է, ու իր քվեն տալու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

«Բա էլ ո՞ւմ ընտրենք, ինքը ձգտում է, որ դեպի լավը էթա ժողովրդի վիճակը», - ասում է ամուսինը:

Կինը անմիջապես հակառակվում է. - «Ոչ մի լավի էլ չեն ձգտում: Ես մի տարի գնացել եմ արտասահման տղայիս մոտ, եկել եմ, զարմանում եմ: Ստեղ ժողովուրդը ոչ թե ապրում է, այլ ոնց որ թաղես, գլուխները մնա դուրսը»:

Տիկին Աստղիկն, ինչպես եւ իր հարեւանները, հուսախաբ եղավ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին:

«Մեծ ուրախությամբ կընտրեի [Գագիկ Ծառուկյանին]», - ասում է նա:

Ինչպես այս ընտանիքում, Գայ գյուղում կարծիքները տարբեր են ու նաեւ հակասական: Գյուղամիջում օրերը մթնեցնող տղամարդիկ, դժգոհելով իշխանություններից, հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանին չեն ընտրի, քանի որ նրա իշխանության օրոք իրենց խնդիրները չեն լուծվել: Նրանք նաեւ չեն հավատում, որ արդար ընտրություններ կանցկացվեն:

«Ցրցամը տվել են արդեն, ով որտեղ աշխատում է, անպայման պիտի ընտրես, չէ, ուրեմն չես աշխատի», - ասաց տղամարդկանցից մեկը:

«Խորհրդարանի ընտրություններին սաղ գյուղով մեկ Հանրապետականը 5000 փող բաժանեց»:

«Պետական աշխատողներին ստիպում են, որ հանրապետական դառնան»:

Գյուղացիները նաեւ ծիծաղելով հիշեցին անցած ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից բաժանված «խարաբ, ադնառազվի» բջջային հեռախոսները եւ մուրաբան: Գյուղացիները նախագահի ութ թեկնածուների մեծ մասին չեն ճանաչում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG