Մատչելիության հղումներ

Ատամնաբույժների դժգոհությունը հարուցած օրենքը «պարզաբանման կարիք ունի»


Ըստ առողջապահության նախարարի, այս փոփոխությունների հետեւանքով ատամնաբուժական մի շարք ծառայություններ կարող են կրկնակի հարկվել։

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հայտարարեց, թե ատամնաբույժների խիստ դժգոհության պատճառ դարձած օրենսդրական փոփոխությունները նախաձեռնել է Ֆինանսների նախարարությունը՝ չբացառելով, որ հաշվի չի առնվել ոլորտի մասնագետների կարծիքը։

«Բայց ցանկանում եմ նշել, որ այդ հարցը հիմա լուրջ քննարկման փուլում է գտնվում։ Ես երկու օր առաջ հանդիպել եմ ստոմատոլոգների հետ, այսօր եւս պատրաստվում եմ նրանց հետ հանդիպել։ Այս պահին մեր մասնագետները, այդ թվում նաեւ ստոմատոլոգները ֆինանսների փոխնախարարի հետ են հանդիպում։ Ես ինքս գտնում եմ, որ այդտեղ կան շատ հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն», - նշեց Դումանյանը։

Ըստ առողջապահության նախարարի, այս փոփոխությունների հետեւանքով ատամնաբուժական մի շարք ծառայություններ կարող են կրկնակի հարկվել․ - «Մասնավորապես ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկական սեղանները կամ աթոռները, համալսարանական կլինիկաներում ստոմատոլոգիական աթոռների խնդիրը պարզաբանման կարիք ունի։ Պարզաբանման կարիք ունի նաեւ զննման կաբինետների հարցը։ Այսպես շարունակ։ Իմ կարծիքով այդ հարցերը պարզաբանելուց հետո մեր ստոմատոլոգները շատ հանգիստ կաշխատեն»։

Առողջապահության նախարարն ասում է, որ վերջին տարիներին հատկապես մասնավոր ստոմատոլոգիան է մեծ զարգացում ունեցել, գներն էլ մատչելի են։

Արտոնագրային վճարների մասին օրենքում կատարված փոփոխությունները այս տարեսկզբից նաեւ ատամնաբույժներին են վերաբերում։ Օրինակ՝ մինչեւ 3 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանները ստիպված են յուրաքանչյուր բազկաթոռի համար վճարել 80 հազար դրամ։

Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանի կանխատեսմամբ, պետության այս որոշման հետեւանքով առաջիկայում, սակագները շեշտակի կբարձրանան։

«Դա, կարծում եմ, ի վնաս կլինի մեր ազգաբնակչության համար։ Առանց այդ էլ շատ վճարունակ չեն», - մեզ հետ զրույցում նշեց Եսայանը։

Հանրապետության գլխավոր ստոմատոլոգն այսօր մասնակցել է Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը։ Նա փոխանցեց, որ իր տպավորությամբ խնդիրն առաջիկայում կկարգավորվի, իսկ մինչ այդ օրենքը ուժի մեջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG