Մատչելիության հղումներ

logo-print
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ «Ազատությունն աշխարհում», որտեղ ներկայացնում է, թե որքանով են աշխարհի տարբեր երկրներում հարգվում մարդու իրավունքներն ու ազատությունները:

Հայաստանը, ըստ իրավապաշտպան կազմակերպության, չնայած կրկին դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատությամբ առաջընթաց է գրանցել: Կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանին տրվող քաղաքական ազատության գնահատականը, քանի որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները խաղաղ եւ մրցակցային են եղել, քվեարկությունից հետո հետո բռնություններ չեն գրանցվել, եւ իրական ընդդիմությունը անցել է խորհրդարան:

Եթե Հայաստանի պարագայում բարելավում է նկատվել առանց կարգավիճակի փոփոխության, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը այս տարի զեկույցում փոխվել է։ Ղարաբաղը «ոչ ազատ» տարածքների ցուցակից հանվել է՝ դասվելով «մասամբ ազատների» շարքում. պատճառը հուլիսին կայացած նախագահական մրցակցային ընտրություններն են:

Ադրբեջանը շարունակում է մնալ «ոչ ազատ» երկրների ցանկում՝ այդպես էլ որեւէ փոփոխություն չգրանցելով, եւ Ուզբեկստանի, Թուրքմենստանի ու Բելառուսի հետ մնում է աշխարհի ամենաբռնատիրական երկրների շարքում:

Վրաստանում նույնպես բարելավում է գրանցվել, սակայն այս երկրի կարգավիճակը չի փոխվել` այն եւս «մասամբ ազատների» շարքում է, քանի որ ընտրություններից անմիջապես հետո նոր իշխանությունները նախկին իշխանության շուրջ 30 պաշտոնյաների են ձերբակալել՝ կասկածներ հարուցելով, թե քաղաքական շարժառիթներով հետապնդում է տեղի ունենում:

Զեկույցում, սակայն, Վրաստանը նշված է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր, մինչեռ Հայաստանը զեկույցում նման կարգավիճակ չունի:

«Ազատությունն աշխարհում» 2013 թվականի զեկույցը փաստում է, որ հանուն բարեփոխումների ազգային շարժումները լուրջ փոփոխությունների հանգեցրեցին անցած տարում Մերձավոր Արեւելքի երկրներում, սակայն որոշ շրջաններում նկատվում է իրավիճակի վատթարացում, քանի որ բռնատիրական ռեժիմները ավելի կտրուկ, սակայն ավելի քողարկված ու կատարելագործված միջոցներ են ձեռնարկում այդ շարժումների դեմ՝ օրենսդրությունը ի շահ իրենց օգտագործելով:

Չնայած «ազատ» երկրների թիվը նախորդ տարվա համեմատ երեքով ավելացել է եւ 2012 թվականին կազմել է 90, 27 երկրներում նկատելի վատթարացում է նկատվել, որոշ բարելավում գրանցվել է միայն 16 երկրում:

Սա, ըստ զեկույցի, արդեն 7-րդ տարին է անընդմեջ, երբ այն երկրների թիվը, որտեղ իրավիճակը վատթարացել է, գերազանցում է բարելավում արձանագրած երկրներինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG