Մատչելիության հղումներ

Զոյա Թադեւոսյանը «խիստ դրական երեւույթ» է համարում հակասությունները ՀԱԿ-ում


Զոյա Թադեւոսյան, արխիվ

Զոյա Թադեւոսյան, արխիվ

Հակասություններ չէին կարող չլինել այնպիսի քաղաքական կառույցում, որտեղ ներկայացված են տարբեր գաղափարական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժեր։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը` գնահատելով ներկայումս ՀԱԿ-ում տիրող իրավիճակը։

«Դա ես համարում եմ շատ բնական», - շարունակեց Թադեւոսյանը։ - «Դա երբեք բացառել չի կարելի, հատկապես որ այդ քաղաքական ուժերի առաջնորդները homo sapiens-ներ են, մտածող մարդիկ են։ Նրանք չեն կարող ամեն ինչ ընդունել հենց այնպես, ինչպես որ, օրինակ, ներկայացվում է իրենց, եւ եթե կան հակասություններ, ապա դա մտածող մարդու գործունեության հետեւանք է»։

«Մենք խորհրդային ժամանակներից ժառանգած այն մտածողությունը վաղուց արդեն հաղթահարել ենք, երբ բոլորը մտածում են նույն ձեւով կամ կատարում հրաման, որը իջեցվում է վերեւից», - ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը` հավելելով. - «Չնայած որոշ դեպքերում մենք ստիպված ենք լինում նաեւ ընդունելու իջեցված որոշումը, բայց, ամեն դեպքում, հակասությունները ես համարում եմ խիստ դրական երեւույթ, եւ այդ հակասությունների բախման արդյունքում է ծնվում ճշմարտությունը»։

Արձագանքելով ՀԱԿ-ում փոփոխությունների, հրաժարականների, անգամ` Կոնգրեսի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության մասին պնդումներին` Զոյա Թադեւոսյանը ասաց. - «Ես առաջնորդի փոփոխության հարցում ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց, որովհետեւ փոփոխության հարցը կդրվի միայն այն դեպքում, եթե մենք ունենանք նույն կարգի` դա բարձրակարգ առաջնորդ է, նույն կարգի առաջնորդ։ Իսկ այդպիսին մենք դեռեւս չունենք, եւ ՀԱԿ-ում չկա մեկը, որ կարողանա կոնսոլիդացնել մնացած բոլոր քաղաքական ուժերը` ունենալով նույնքան հեղինակություն, նույնքան կրթվածության բարձր մակարդակ, նույնքան տեղեկացվածություն, որքան ունի Տեր-Պետրոսյանը։ Եվ, կարծում եմ, միայն նման արժանիքներ ունեցող քաղաքական անձը կարող է առաջնորդի տեղը գրավել»։

«Չի կարելի միայն հայտարարություններով դա անել, պետք է մտածել` ո՞վ է այդ առաջնորդը, եւ եթե կա, ապա ինչո՞ւ նա չներկայացվեց նախագահական ընտրություններում։ Եթե Տեր-Պետրոսյանը տվեց հրաժարական, նրան կարող էր փոխարիներ այդպիսի մեկը, բայց չկար այդ մեկը», - ամփոփեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։
XS
SM
MD
LG