Մատչելիության հղումներ

Վալերի Գազաեւը` ֆուտբոլի ԱՊՀ առաջնության ջատագով


Ռուսաստան - Ֆուտբոլային հանդիպում Վլադիկավկազում` տեղի «Ալանիա»-ի մասնակցությամբ, արխիվ
Ռուսաստան - Ֆուտբոլային հանդիպում Վլադիկավկազում` տեղի «Ալանիա»-ի մասնակցությամբ, արխիվ

Անվանի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է ԱՊՀ-ի առաջնության կազմկոմիտեն։

Անցած մի քանի ամիսների ընթացքում եւ հատկապես 2012-ի դեկտեմբերին ռուսական մարզական մամուլում ակտիվորեն քննարկվել է Անկախ պետությունների համագործակցության ֆուտբոլի միացյալ առաջնություն անցկացնելու գաղափարը։

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին հանրապետություններում ընթանում են տեղական առաջնություններ, սակայն, ըստ մասնագետների, դրանց մակարդակն էապես զիջում է նախկին խորհրդային առաջնություններին։

ԱՊՀ-ի գավաթի խաղերն անցկացվում են ձմռանը` որպես հանրապետական առաջնությունների նախապատրաստման մրցաշար, եւ մարզական աշխարհում մեծ հեղինակություն չունեն։ Նախկին խորհրդային երկրներից միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնություններն են համեմատելի եվրոպական առաջնությունների հետ։

Անվանի նախկին ֆուտբոլիստ, Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ, ներկայումս Վլադիկավկազի «Ալանիա»-ի նախագահ եւ մարզիչ Վալերի Գազաեւն առաջարկում է անցկացնել ԱՊՀ-ի առաջնություն։

Նա գլխավորել է ԱՊՀ-ի առաջնության կազմկոմիտեն։ Ստեղծվել է նաեւ այդ լիգայի դիտորդական խորհուրդը, որի կազմում են «Անժի» ակումբի սեփականատեր, մեծահարուստ գործարար Սուլեյման Քերիմովը, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) նախագահ Եվգենի Գիները, «Զենիթ»-ի նախագահ Ալեքսանդր Դյուկովը, իսկ խորհրդի նախագահը Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինն է։

Գազաեւը «ՆՏՎ-Պլյուս» հեռուստակայանին ասել է, թե ռուսաստանյան եւ ուկրաինական առաջատար թիմերը հետաքրքրություն են դրսեւորում ԱՊՀ-ի առաջնության գաղափարի հանդեպ, այն աջակցություն ունի նաեւ Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի ակումբների շրջանում։ Նրա խոսքերով` Ռուսաստանի առաջնությունը բարդ վիճակում է, ֆուտբոլասերների հետաքրքրությունը նվազում է։ Գազաեւի համոզմամբ, ԱՊՀ-ի առաջնությունը խթան կլինի ազգային առաջնության համար։

Նա ասել է, որ առաջին փուլում կազմկոմիտեն բանակցելու է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների հետ, քննարկելու է եվրոպական գավաթներում ազգային թիմերի մասնակցության, առաջին դիվիզիոնի եւ երիտասարդական առաջնության ձեւաչափերը։ Կազմկոմիտեն վերջնականապես կձեւավորվի այս ամսվա երկրորդ կեսին։

Մինչդեռ, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն կարծիք է հայտնել, թե ԱՊՀ-ի առաջնությունը վնաս կհասցնի Ռուսաստանի ազգային առաջնությանը, որը եվրոպական լավագույն առաջնությունների տասնյակում է։

Վալերի Գազաեւը անցած կիրակի օրը «Սպորտ-Էքսպրես» հանդեսին ասել է, թե ԱՊՀ-ի միացյալ առաջնության համար կարելի է ստեղծել երկու լիգա` բարձրագույն եւ առաջին։ Յուրաքանչյուրում կլինի 16-18 թիմ, ինչի համար 2013-14 թվականների ազգային առաջնությունների արդյունքներով կընտրվի 8-9 ակումբ Ռուսաստանից եւ Ուկրաինայից։

ԱՊՀ-ի առաջնության լիգաներում թիմերի թիվը կարելի է հասցնել նույնիսկ 20-ի։ Առաջիկայում կազմկոմիտեն նամակներով կդիմի գաղափարի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորած Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ այլ երկրների ֆեդերացիաներին։

ԱՊՀ-ի լիգաներում չընդգրկված ակումբները կշարունակեն ելույթներն իրենց ազգային առաջնություններում։

«Սպորտ-Էքսպրես»-ը նշել է, թե ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, կարծես թե, չի ողջունում անդրազգային առաջնությունների տարբերակը։ Մեկնաբանելով այդ խնդիրը` Գազաեւը կարծիք է հայտնել, որ հնարավոր է փարատել թերահավատների մտահոգությունները։

«ԱՊՀ-ի առաջնության անցկացման հստակ մեխանիզմը, խաղերի որակը, երկրպագուների մեծ հետաքրքրությունը, ակումբների բյուջեների թափանցիկությունը կհամոզեն թե՛ ՖԻՖԱ-ին եւ թե՛ ՈւԵՖԱ-ին, որ հենց անդրազգային մրցաշարերն են ֆուտբոլի ապագան», - ասել է Վալերի Գազաեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG