Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է հռչակում ղարաբաղյան հարցի լուծումը։

«Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձեւակերպումը», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարությունում Հայաստանի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստում։

Նշելով, որ Հայաստանի անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ղեկավարության «բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը»` Սերժ Սարգսյանը փաստել է, որ Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում:

«Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության», - արձանագրել է Հայաստանի նախագահը՝ ընդգծելով․ - «Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն՝ մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլեւս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է»։

«Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը` հղում անելով «միջազգային իրավունքին» եւ «միջազգային բազմաթիվ փաստաթղթերին», ու հավելել․ - «Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական»։

Հայաստանի նախագահը անդրադարձել է նաեւ Թուրքիային` այդ երկիրը բնութագրելով որպես տարաաշրջանի մի պետություն, որն «անվերապահորեն սատարում է Բաքվի հակահայ քաղաքականությանը» եւ հայտարարել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ձեւավորված թուրք-ադրբեջանական տանդեմին» չի հաջողվել եւ չի հաջողվելու «շրջափակման, բաժանարար գծերի խորացման եւ համագործակցության բացառման միջոցով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզել»։

«Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարվել: Հարեւանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ձգտում է հարեւանների հետ բոլոր խնդիրները լուծել հարեւանների հաշվին», - նաեւ ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության եւ արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջեւ ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաեւ անվտանգության նշանակություն: Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված»:

Նախագահական ընտրարշավի մեկնարկից օրեր առաջ հնչեցված իր ելույթի զգալի մասը Սերժ Սարգսյանը նվիրել է Հայաստանի անվտանգության խնդիրներին` նշելով, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են «համագործակցային եւ հավասարակշռված քաղաքականություն՝ գործընկերային հարաբերություններ զարգացնելով Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված բոլոր պետությունների հետ»։

«Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը», - հստակեցրել է Հայաստանի նախագահը, - «Այս համատեքստում մենք չափազանց կարեւոր դեր ենք հատկացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մեր անդամակցությանը: Ունենալով ծանրակշիռ ներդրում այդ կառույցի կայացման գործում եւ վստահելով մեր ազգային անվտանգության ապահովման որոշակի չափաբաժին այդ համակարգին՝ մենք այն համարում ենք մեր պետության անվտանգության իրական երաշխիք»։

«Միեւնույն ժամանակ, մենք սերտ եւ թափանցիկ համագործակցություն ենք ծավալում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` ձգտելով կիրառել վերջինիս լավագույն փորձը մեր զինված ուժերի զարգացման գործում: Հայ խաղաղապահները շարունակում են իրենց արժանապատիվ մասնակցությունը բերել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում», - հավելել է նա։

«Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ: Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում», - նաեւ ասել է Սերժ Սարգսյանը՝ փաստելով․ - «Անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ հայ ժողովուրդը ստիպված էր բարբարոսներից պաշտպանվել ինչով կարող էր: Այսօր, որպես կազմակերպված պետություն, մենք պաշտպանվում ենք կարգապահ ու մարտունակ զորքով, ինչպես նաեւ արդիական սպառազինությամբ: Արցախահայությանը բնաջնջել խոստացողները եւ այդ մասին մինչեւ հիմա երազողները ուշացել են: Շատ են ուշացել: Նրանք ստիպված են իրենց հիվանդագին երազանքների իրականացումը հետաձգել առնվազն մի հազար տարով: Սա փաստ է, բայց դրանից չի հետեւում, թե մենք իրավունք ունենք գոնե մեկ վայրկյանով թուլացնել մեր զգոնությունը: Ճիշտ հակառակը՝ մեր ողջ պետական մեքենան աշխատելու է ավելի արդյունավետ»:
XS
SM
MD
LG